211652_close_icon
views-count981 դիտում article-date 15:18 06-07-2015

Դեսպան Գասպարյանի հանդիպումները Ֆոկշան քաղաքում

Հուլիսի 3-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Ֆոկշան` քաղաքի օրերի կապակցությամբ: Քաղաքապետ Դեչեբալ Բաչինսկու հետ հանդիպմանը քննարկվեցին Ֆոկշանի և Հայաստանի Բերդ քաղաքի միջև կապերի խորացման հարցեր, այդ թվում` Ֆոկշանի հայ համայնքի ներգրավման եղանակներն այդ գործընթացում: Քաղաքային տոնի կապակցությամբ դեսպանը փոխանցեց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի շնորհավորական ուղերձը: Այնուհետև Աթենեուլ սրահում նրանք մասնակցեցին քաղաքի օրերի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ դեսպան Գասպարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Իր ելույթում դեսպանը նշեց, որ քաղաքների եղբայրացումը լավագույն միջոցն է հասարակությունների միջև ուղղակի կապեր հաստատելու և համերաշխ ապագա կառուցելու համար: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դեսպան Գասպարյանը իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիային և ռումին բարեկամ ժողովրդին և Ֆոկշանի հասարակությանը` 1920-ական թվականներին տասնյակ հազարավոր հայ գաղթականների և որբերի ապաստան տրամադրելու համար: Դեսպանը բարձր գնահատեց ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսի համերաշխության ուղերձը հայ ժողովրդին, որով նա «այդ պատմական ծավալի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է համարում ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»: Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպեց Ֆոկշանի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր