211652_close_icon
views-count8591 դիտում article-date 14:00 09-07-2015

Սուրեն Խաչատրյանին՝ Լիցկային դուր չի եկել, որ Զարզանդը վնասել է իր մահափորձի մեջ կասկածվողներից մեկի որդու խանութը ու նրան հրավիրել է իր մոտ՝ նախատելու

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիցկային, դուր չի եկել, որ իր խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը հարձակում է գործել մարզպետի մահափորձի մեջ կասկածվող անձանցից մեկի որդու խանութի վրա եւ Զարզանդին հրավիրել է իր մոտ: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինս չցանկացավ առանձնազրույցից մանրամասներ փոխանցել, բայց նշեց, որ Սուրիկ Խաչատրյանն ընդգծել է, որ այդ քայլը ճիշտ չի եղել: «Դե, ո՞ւմ դուր կգա: Առանց էտ էլ մի ստից բան է լինում, լուն փիղ են սարքում: Կապ չունի՝ Սուրեն Խաչատրյանի ծանոթներն են, թե հեռավոր ազգականները: Այդ մարդու անունն են շահարկում»,- ավելացրեց Զ. Նիկողոսյանը: Հարցին, թե ինքն ինչպես է արձագանքել, պատասխանեց. «Դե, էլ ի՞նչ ասեի»: Դիտարկմանը, թե, ամեն դեպքում, Սուրեն Խաչատրյանի համա՞ր է այդ քայլին դիմել, ասաց. «Ես դա իմ համար եմ արել, որովհետեւ ծանր էի տարել, որ այդ մարդու նկատմամբ այդպես են վարվել»: Նրա խոսքով, այս պահին սպասելու են, տեսնեն՝ նախաքննությունը ինչ է պարզում: «Մեղավորներն ամենախիստ պատժին են արժանի»: Հիշեցնենք, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում ծառայություն իրականացնելիս հուլիսի 7-ին՝ ժամը 04.00-ին, շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները նկատել էին մի քաղաքացու, ով քարով հարվածել եւ կոտրել էր Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը եւ դիմել փախուստի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանները հետապնդել եւ բերման էին ենթարկել վերջինիս: Պարզվել էր, որ այդ անձը հանդիսանում է Զարզանդ Նիկողոսյանը: Խանութ-սրահի սեփականատեր Գերասիմ Գարենի Աթաջանյանից ընդունվել էր հաղորդում և կատարվում էր հետաքննություն: Զ. Նիկողոսյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդականը, ստորագրությամբ ազատ էր արձակվել, իսկ խանութը պատկանում է Ս. Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդուն:

Նմանատիպ նյութեր