2376 դիտում
15:14 11-07-2015
ՀՀ ԱԳ նախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, մեծարգո պարոն Դ’Արմինյան,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և մաղթում բարի գալուստ մեր երկրի հյուրերին: Հատկանշական է, որ այս խորագրի ներքո թվով երրորդ խորհրդաժողովը համընկնում է Միավորված ազգերի կազմակերպության և նրա հատուկ գործակալության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի հետ, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները լավագույն հնարավորություն են` ամփոփելու անցած յոթ տասնամյակների ձեռքբերումները, նախանշելու ներկայիս մարտահրավերներն ու հնարավոր լուծումները: Ստեղծվելով երկրորդ աշխարհամարտից հետո և հաշվի առնելով նաև այդ սարսափելի պատերազմի դասերը՝ այս միջազգային կազմակերպություններն իրենց առջև նպատակ դրեցին նպաստել աշխարհում խաղաղության ամրապնդմանը, համամարդկային արժեքների առաջ մղմանը:
Միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների և պետությունների միջև տևական խաղաղության կառուցման ճանապարհին: Այս առումով ոչ պակաս կարևորություն է ներկայացնում մշակութային գործոնը: Անցած ժամանակաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի ջանքեր գործադրեց աշխարհում մշակութային բազամազանության, միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պահպանության և միջքաղաքակրթական համերաշխության ամրապնդման ուղղությամբ:
Ցավոք, պատմության ընթացքում տարատեսակ ավերիչ բռնությունները բնաջնջել են քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաններից։ 21-րդ դարում աշխարհի տարբեր տարածաշրջաններում մշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, ինչպիսին են, օրինակ, Աֆղանստանում 2001 թվականին Բուդդայի արձանների, Նախիջևանում ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի հայկական խաչքարերի, մի քանի շաբաթ առաջ սիրիական քաղաք Պալմիրայում 2000-ամյա պատմություն ունեցող հուշարձանների ոչնչացումը, վկայում են, որ կրոնական և ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային արժեքների դեմ: Այսօր Մերձավոր Արևելքում վտանգի տակ են հայտնվել այնպիսի մշակութային կոթողներ, որոնք պահպանվել են հազարամյակներ շարունակ:
Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Մեծ մտահոգությամբ հետևելով Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակին՝ մեր աջակցությունն ենք հայտնում «Միացիր հանուն ժառանգության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով կարող է էական դերակատարություն ունենալ այնպիսի արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կանխարգելել մշակութային վանդալիզմի դրսևորումներն ապագայում:
Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն սկսվեց հենց հայ մտավորականության և մշակույթի գործիչների ձերբակալումով և սպանությամբ: Հայոց ցեղասպանության նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, այլ նաև՝ հազարամյակների պատմություն ունեցող և ողջ աշխարհում հարգանք վայելող մեր մշակութային ներուժի ոչնչացումը: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մենք նաև ոգեկոչում ենք այն հսկայական ժառանգությունը, որը մենք կորցրեցինք ցեղասպանության հետևանքով: Ցավալի էր, որ 100-րդ տարելիցին մենք ականատես եղանք ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրմանը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող սրբատեղի էր: Սա, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապի վկայություն է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, ատելության և անհանդուրժողականության ուժերը իրենց նպատակին հասնելու ճանապարհին առաջին հարվածն ուղղում են հենց մշակութային արժեքների վրա, քանզի մշակույթը սերունդների միջև կամրջող օղակ է հանդիսանում:
Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունն արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարևոր ձեռքբերումներից է այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրևորումը, որի վկայության օրինակներ են, մասնավորապես, Երևանի կենտրոնում գտնվող, վերականգնված, 1766 թվականին կառուցված պարսկական Կապույտ մզկիթը, Եղեգիս քաղաքի մոտակայքում գտնվող 13-րդ դարի հին հրեական գերեզմանատունը և բազմաթիվ այլ օրինակներ:
Դարերի ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը մեծագույն հարստություն է այն երկրների համար, որտեղ դրանք գտնվում են: Միահյուսելով տարբեր ազգերի պատմությունը՝ այն ճանապարհ է հարթում համագործակցության, զբոսաշրջության և կայուն զարգացման համար: 2009թ.-ից իրականացվում է «Հայաստանում մշակույթի և զբոսաշրջության ուղիները զարգացման և երկխոսության համար» ծրագիրը, որը նպատակաուղղված է ապահովելու մշակութային ժառանգության պահպանությունը, ներառյալ՝ նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները, և մշակութային զբոսաշրջության զարգացումը` ներգրավելով այն վայրերը, որտեղ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանները և առկա են ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր կայուն զարգացման հրամայականն առավել քան արդիական է: Անհերքելի է մշակույթի դերը հասարակության կայուն զարգացման գործում, որի առանցքում մարդն ու հասարակությունն են՝ իրենց ներդաշնակ զարգացման, բարեկեցության ապահովման և խաղաղության ձգտումով: Այս պարզ իմաստության հստակ գիտակցումը և ճիշտ ընկալումը մարդկության կողմից կարող է հզոր խթան հանդիսանալ ոչ միայն տնտեսական զարգացման, այլև՝ աշխարհում կայունության և խաղաղության ամրապնդման համար: Հուսով եմ, որ այս համաժողովը ևս կծառայի այս վեհ գաղափարներին:
Շնորհակալություն»:
Նմանատիպ նյութեր
5456 դիտում
21:52 07-06-2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Հայաստան-Իտալիա միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին
2943 դիտում
14:50 01-12-2016
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված չորրորդ համաժողովի բացմանը
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»