211652_close_icon
views-count5456 դիտում article-date 21:52 07-06-2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Հայաստան-Իտալիա միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին

Հարգելի գործընկեր, հարգելի պարոն նախարար, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է բացման խոսքով հանդես գալ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին: Ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և բեղմնավոր ու արդյունավետ քննարկումներ եմ մաղթում: Անշուշտ, կիսելով նախարար Ալֆանոյի տեսակետները՝ ցանկանում եմ դրանց որոշ մտքեր հավելել: Իհարկե, այս հանձնաժողովի աշխատանքները էական ներդրում կարող են ունենալ հայ-իտալական հարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում: Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթ է՝ ընդգծելու մեր երկկողմ ձեռքբերումները՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն, գործընկերություն մշակութային, գիտական և շատ այլ ոլորտներում: Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Անչափ կարևոր է, որ նորին գերազանցություն Պաոլո Ջենտիլոնիի՝ ԱԳ նախարարի պաշտոնում անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվեցինք անցկացնել այս հանդիպումը, և այսօր ես հատկապես ուրախ եմ, որ այդ համաձայնությունը կյանքի է կոչվել։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը մեծ կարևորություն է ներկայացնում և այն, անշուշտ, նոր հեռանկարներ կբացի տնտեսական փոխգործակցության համար, կխթանի գործընկերությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկան, ծառայությունները, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունն ու սննդի վերամշակումը, և կխրախուսի ապակենտրոնացված համագործակցությունը: Այն նաև հնարավորություններ է ստեղծելու կրության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության խրախուսման համար: Միջազգային փորձն ապացուցում է, որ սա շատ գործնական հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու համար երկկողմ առևտրատնտեսական կապերի նոր հնարավորությունները, դյուրացնելու միջկառավարական համագործակցությունը, ինչպես նաև ձևավորելու առավել նպաստավոր ներդրումային միջավայր: Մենք այս հանդիպմանը մասնակցում ենք միջգերատեսչական թիմով՝ մտադրություն ունենալով լիարժեք օգտվել այս հարթակի կողմից ընձեռնված հնարավորություններից: Տիկնայք և պարոնայք, Ակնկալում ենք այս տարվա աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ստորագրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է մեր դինամիկ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը: Հայաստան-ԵՄ գործընկերությունը լավ հնարավորություն է ընձեռում Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման առումով, և մենք ձգտում ենք օգտագործել այն Իտալիայի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար: Հուսով եմ, որ միջկառավարական հանձնաժողովը իր գործունեության ընթացքում նույնպես օգուտ կքաղի այն առավելություններից, որ ընձեռում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Համոզված եմ, որ հանձնաժողովի շրջանակներում այսօր կայանալիք գործարար համաժողովը լայն հնարավորություններ կտա գործարար կապերի միջոցով երկկողմ առևտրատնտեսական օրակարգի հետագա զարգացման համար: Այսօր մենք լավ մեկնարկ ենք տվել, որն, անկասկած, ամրապնդելու է դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության: Հայկական պատվիրակության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իտալացի գործընկերներին՝ այս միջոցառումը հյուրընկալելու համար, և մաղթել արդյունավետ օր:

Նմանատիպ նյութեր