211652_close_icon
views-count1177 դիտում article-date 11:05 14-07-2015

Ոչ նախագահները, ոչ էլ Սահմանադրության տեքստերը, իհարկե, իդեալական չեն եւ չեն էլ լինի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը շուտով կհրապարակվի, եւ դա եւս մի առիթ կլինի ընդդիմադիրներին՝ խոսելու «վերարտադրության» մասին: Ինքնին այդ խոսակցությունները «վերարտադրություն» են, որովհետեւ թե 1995 եւ թե 2005 թվականներին, այսինքն՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխություններն ընդունելիս, այդ բառը հնչել է: 1995-ին ասվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է իր համար թագավորական լիազորություններ սահմանել, իսկ 2005-ին՝ որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է երրորդ ժամկետով ընտրվել: Հիմա (միանգամայն լուրջ, առանց հումորի) ասվում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Ազգային ժողովի նախագահ եւ այդպես ղեկավարել երկիրը: Ոչ նախագահները, ոչ էլ Սահմանադրության տեքստերը, իհարկե, իդեալական չեն եւ չեն էլ լինի: Խոսքն այլ բանի մասին է. եթե ձեռնարկում ես միեւնույն գործողությունները, ապա մի՛ սպասիր, որ կստանաս տարբեր արդյունքներ: Դա դասական ճշմարտություն է, ոսկե կանոն, որը կարող է կիրառվել կենցաղում, բիզնեսում եւ քաղաքականության մեջ: Եթե դու ասում ես, որ Սահմանադրության տեքստը մերժելի է, ընդհանրապես քննարկման առարկա չի կարող լինել, որովհետեւ այս կամ այն ղեկավարը քեզ դուր չի գալիս, ապա դու ընտրողներին, քաղաքացիներին տրամադրում ես անտարբերության, ապատիայի, նիհիլիզմի՝ «էլի մեր գլխին ուզում են մի բան սարքեն»: Եվ մարդիկ տրամադրվում են ոչ թե պայքարելու ու «ոչ» ասելու, ինչպես որ ակնկալում է ընդդիմությունը, այլ ճիշտ հակառակը՝ ընդհանրապես հանրաքվեին չմասնակցելու: Իսկ իշխանություններին, ինչպես հասկանում եք, հենց դա էլ պետք է»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր