211652_close_icon
views-count1579 դիտում article-date 19:45 27-07-2015

Սկսվում է արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթացը

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/26002/)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին: Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ` ցուցակ) հաստատվում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ (այսուհետ` արձանագրություն), թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ հասարակական կազմակերպություններն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությանը։ Ցուցակին ներկայացվող պարտադիր պահանջներն են` 1) ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ թեկնածուի կենսագրական տվյալների ներկայացում, 2) տեղեկատվություն թեկնածուի կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին: Արձանագրության բնօրինակը, ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալների, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը հասարակական կազմակերպությունները (նրանց կազմից ընտրված հասարակական կազմակերպությունը) գրավոր դիմումով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա): Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի օգոստոսի 6-ը՝ ժամը 18:00-ն: Հասարակական կազմակերպությունների կողմից թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքում նախարարության աշխատակազմն առաջարկում է երկօրյա ժամկետում շտկել թերությունները: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակը, թեկնածուների կենսագրական, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաև առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության հետ միասին հրապարակում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառնությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր