211652_close_icon
views-count1375 դիտում article-date 12:32 05-08-2015

Տարոն Մարգարյանը հանդիպել է մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակությունների կազմում Երևան ժամանած մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը և խաղերի մասնակից երկրների ու քաղաքների տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունն ու պատվիրակությունների քանակը: «Ու հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համահայկական խաղերի անցկացումն առանձնակի խորհուրդ է ստանում մեզ համար: Այն, ըստ էության, մարզական մեծ տոն է, որը փոխադարձ կապերն ու գործակցությունը ընդլայնելու, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկտեղելու, միմյանց հետ կիսվելու, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալու հրաշալի առիթ է ընձեռում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի խաղերի բոլոր մասնակիցների համար ապահովվի ինչպես մարզվելու, այնպես էլ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է գործընկերային կապերն ընդլայնելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունն ու բոլոր հյուրերին մաղթել հաճելի օրեր Երևանում:

Նմանատիպ նյութեր