211652_close_icon
views-count1318 դիտում article-date 17:51 26-08-2015

Երևանի բոլոր հիմնական դպրոցներն ու մանկապարտեզները պատրաստվում են ուսումնական նոր տարվա սկզբին

Ընթացիկ տարվա ծրագրերի ներկա դրությամբ արձանագրված արդյունքներն է ամփոփել ու նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Օգոստոսի 24-ի դրությամբ արդեն 11234 առաջին դասարանցի է ընդունվել դպրոցներ: 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ առաջին դասարանցիները 11502-ն էին։ Մասնավոր դպրոցների աճի պայմաններում, անգամ, Գայանե Սողոմոնյանը այս ցուցանիշը բավարար է գնահատում։ Այս օրերին ընթացքի մեջ է դասագրքերը, օժանդակ, ուսումնական, մեթոդական նյութերի բաշխումը դպրոցներին. 1-4 դասարանների դասագրքերն էլ անվճար են։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է՝ պակասող գրքեր չեն լինի. հակառակ դեպքում պակասը կլրացվի սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում։ Դպրոցներում ուսուցանվող նորամուծությանը՝ ազգային երգ ու պար առարկային անդրադառնալով՝ վարչության պետն ընդգծել է, որ 2014 թ. պիլոտային ծրագրում ընդգրկված 10 դպրոցներում նոր առարկան ներդրվել և դասավանդվել է ամփոփիչ լավ արդյունքներով. այս տարվանից ևս 50 դպրոցներում կուսումնասիրվի առարկան։ մինչ ուսումնական տարվա մեկնարկը՝ առարկայի ուսուցիչները վերապատրաստվում են։ Ներառական դպրոցները 2015 թ.-ին ևս ավելացել են. 6 դպրոցներ ևս ընդգրկվել են ներառական դպրոցների ցուցակում։ «2014 դեկտեմբերի մեկին հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխությունից հետո սկսվում է համընդհանուր ներառման գործընթաց։ Աստիճանաբար այլևս չի լինելու տարանջատում, որակում՝ ներառական կամ ոչ ներառական դպրոց։ Մինչև 2025 թվականը Երևանի բոլոր դպրոցները կիրականացնեն ներառական կրթություն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և հավելել, որ մինչ այս ծրագրի ամբողջական իրականացման ավարտը մեծ գործընթաց է սպասվում, այդ թվում՝ բազմամասնագիտական կամ աջակցող թիմի անդամների՝ սոցիալական աշխատողների, հոգեբանների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների խորացված վերապատրաստմամբ։ 2015 թ. շարունակվել է դպրոցների տեխնիկական վերազինումը։ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ևս 87 դպրոցներ համալրվել են համակարգիչներով ու էլեկտրոնային գրատախտակներով։ Շարունակվում է նաև շախմատի մարզադպրոցների հիմնման ծրագիրը։ Երևանի 12 վարչական շրջաններից 9-ում արդեն գործում են շախմատի դպրոցներ. առաջիկայում երեք վարչականներում ևս կբացվեն շախմատի դպրոցներ։Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից 84-ում 462 սիրիահայ աշակերտ է սովորում, մանկապարտեզ է հաճախում 103 սիրիահայ փոքրիկ։ «Սիրիահայ երեխաների կրթությունը ամբողջ տարվա ընթացքում քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի ուշադրության կենտրոնում է։ Նրանք Երևանի կրթօջախներ արտահերթ են ընդունվում, վճարովի լրացուցիչ ծառայություններից էլ օգտվում են անվճար։ Ի դեպ, 1-4 դասարանցի սիրիահայ աշակերտները մինչ օգոստոսի 31-ը քաղաքապետի անունից նվերներ կստանան՝ գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը։ Սեպտեմբերի մեկին ընդառաջ Երևանի կրթական հաստատություններում գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրահեռացման ցանցերի գույքագրում է կատարվել, և թերությունները վերացվում են։ Ճանապարհային Ոստիկանությունը օրերս կավարտի դպրոցամերձ փողոցների երթևեկության կանոնակարգման գծանշումների թարմացումը։ Հանրակրթության վարչության պետը գոհ է 2015 թ. դպրոցական օլիմպիադաներից։ Տարեցտարի արձանագրվում է թե՛ մասնակցության, թե՛ որակական աճ։ Մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա առարկաների օլիմպիադաներն անցկացվել են առցանց. Գայանե Սողոմոնյանը այս եղանակը անաչառության ու արդյունավետության տեսանկյունից արդարացված է գնահատում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետն անդրադարձել է նաև մանկապարտեզներում իրականացվող մեծածավալ ծրագրերին՝ վերանորոգմանն ու նոր գույքով համալրելուն։ Վերանորոգվող մանկապարտեզները 31-ն են, որոնցից 8-ը նախորդ տարվանից հիմնանորոգվող մանկապարտեզներն են։ «Քաղաքապետի նախաձեռնությամբ առաջին անգամ մանկապարտեզները համալրվում են նաև խոհանոցային մասնագիտական գույքով՝ սննդի մշակման հատուկ, առանձնացված սեղաններով ու պահարաններով, ինչը ևս լրացուցիչ պայման է՝ սննդի պահպանման ու պատրաստման որակը բարելավելու համար։ Ծրագրի շնորհիվ այսօր Երևանի բոլոր մանկապարտեզները ապահովված են սառնարաններով ու սառցախցիկներով, որքան որ անհրաժեշտ է եղել։ Սննդի վերահսկողությունը շատ խիստ է կատարվում, անակնկալ այցերով»,- ներկայացրել է Գայանե Սողոմոնյանը։ Քաղաքապետարանը պատրաստվում է մանկապարտեզներում հերթագրման նոր մոտեցման ներդրմանը։ «Ընդունելության հերթագրման, հաշվառման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար մշակվում է նոր ծրագիր՝ էլեկտրոնային հերթագրման ծրագիր, որը շուտով կներկայացվի մանրամասներով։ Ծրագիրը լիարժեք ու արդյունավետ կիրարկելու համար քաղաքապետարանը բոլոր մանկապարտեզներն ապահովել է համակարգիչներով, ինտերնետ կապով, աշխատակիցները վերապատրաստվում են»,- նշել է հանրակրթության վարչության պետը։ Լրագրողների հետ հանդիպման ավարտին քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ անհանգստացնող բոլոր հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարներով։

Նմանատիպ նյութեր