211652_close_icon
views-count1437 դիտում article-date 17:17 29-08-2015

Ամփոփվել են օգոստոսյան խորհրդակցությունները. Արմեն Աշոտյանը հանդիպել է ավագ դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում մասնակցել է հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ ավագ դպրոցի բարեփոխումը կառուցվածքային առումով ավարտվել է, բայց բովանդակային առումով այն դեռևս ընթացքի մեջ է: «Ավագ դպրոցների ցանցն ընդգրկում է հիմնականում խոշոր քաղաքային համայնքները և գյուղական երեք ավագ դպրոց: Ավագ դպրոցներ են գործում նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմում: Ասել, որ ավարտել ենք ավագ դպրոցների հետ կապված գործընթացը, և որ դրանք կայացած են, նույնքան ժամանակավրեպ է, որքան սխալ է հակառակ պնդումը: Մենք ունենք բավականաչափ կայացած, որակյալ և ծրագրին համապատասխան կրթություն մատուցող ավագ դպրոցներ: Դրանց կողքին ունենք դպրոցներ, որոնք դեռևս չեն կայանում»,¬-նշել է Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ներկայումս կարևորագույն կրթական փաստաթղթեր են մշակվում: «Ակնկալում եմ ձեր մասնակցությունը «Կրթության զարգացման 2016¬-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի շուրջ մասնագիտական քննարկումներին: Փաստաթուղթն ուրվագծելու է կրթության բնագավառի մեր տեսլականը և ունենալու է օրենքի ուժ: Մյուս բարեփոխումը համընդհանուր ներառականության սկզբունքի ներդրումն է ամբողջ հանրակրթական համակարգում: Այս ցանցը գնալով ընդլայնվում է, և ամեն տարի մինչև 15 ներառական դպրոց է ավելանում: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս առումով խնդիրները միայն ֆինանսական չեն, դրանց մի մասը մտածելակերպային և հոգեբանական է: Մենք դրել ենք նաև հասարակության բարոյականության խնդիր»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ կարևորագույն հարցը հանրակրթության բովանդակության վերանայման, արդիականացման, ծրագրերի բեռնաթափման գործընթացն է, որը առաջիկայում պետք է լուծվի Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Նախարարն անդրադարձել է նաև 12-րդ դասարանում կարգապահության և աշակերտների հաճախումների խնդրին՝ ընդգծելով, որ ավագ դպրոցում 80-120 ժամն է բացակայությունների թույլատրելի սահմանը: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ավագ դպրոցները կունենան որոշակի խնդիրներ: «Այս պարագայում եթե անխուսափելի են ուսուցիչների կրճատումները, ապա դրանք պետք է չկրեն զանգվածային բնույթ և լինեն բացարձակ օբյեկտիվ, հատկապես կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին պետք հայտնենք մեր շնորհակալությունը, որպեսզի նրանք տեղը զիջեն երիտասարդ կադրերին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ մեր երկիրն ամենատարեց ուսուցչական կազմ ունեցող երկրներից է: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ հաճախ աշխատանքային մեծ փորձով մանկավարժները չեն տիրապետում ժամանակակից մանկավարժական մեթոդաբանությանը, ինչի արդյունքում կրթության ոլորտի ճկուն բարեփոխումները տեղերում դժվար են աշխատում: Արմեն Աշոտյանն ավագ դպրոցի տնօրեններին ևս զգուշացրել է, որ տարին պարտքով փակող տնօրենը, ով օբյեկտիվորեն ծագած ֆինանսական խնդիրների մասին ժամանակին չի ահազանգել լիազոր մարմնին, կազատվի աշխատանքից: Նախարարը նաև տեղեկացրել է, որ մինչև հոկտեմբեր բոլոր ավագ դպրոցներին կմատակարարվեն նոր աշակերտական կահույք և համակարգչային տեխնիկա: Բացի այդ, առաջիկա երեք տարվա ընթացքում 17 ավագ դպրոցներում կիրականացվեն վերակառուցման և վերազինման աշխատանքներ: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև տնօրեններին հուզող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր