211652_close_icon
views-count1262 դիտում article-date 20:22 30-08-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը

2016-2017 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ ամենամյա ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները։ Նախքան խորհրդակցության մեկնարկը քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներում կատարված նախապատրաստական աշխատանքներին ու առկա խնդիրներին: «Նոր ուսումնական տարվան ընդառաջ անցկացվող այս խորհրդակցության շրջանակում դպրոցների տնօրենների հետ քննարկում ենք առկա խնդիրներն ու ձեռքբերումները: Օրինակ կան խնդիրներ, որոնք ժամանակ և փուլային լուծումներ են պահանջում: Այս տեսանկյունից առաջնային խնդիր էր դպրոցների ջեռուցման հարցը, որն այսօր արդեն լուծված է: Հանրապետության Նախագահի առաջարկով 3 տարի առաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովվեցին ջեռուցման համակարգերով: Եվ սա քայլերից մեկն էր: Հաջորդը դպրոցների վերանորոգման խնդիրն է: Այսօր վերանորոգված է մայրաքաղաքի դպրոցների շուրջ 40 տոկոսը, սակայն դեռ 60 տոկոսում ունենք հարմարավետության ապահովման խնդիր և այդ ուղղությամբ փորձում ենք քայլ առա քայլ աշխատանքներ տանել: Ու եթե նախկինում միայն պետական բյուջեից էին գումարներ տրամադրվում դպրոցների վերանորոգման համար, այս տարի համայնքային բյուջեից ևս նախատեսվել են միջոցներ՝ դպրոցներում մասնակի և հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Համոզված եղեք, որ հաջորդ տարիներին միջնակարգ և հանրակրթական դպրոցներում թե´ աշակերտների և թե´ ուսուցիչների համար կկարողանանք ստեղծել առավել հարմարավետ պայմաններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր