2511 դիտում
18:44 29-08-2015
ՀԱԿ-ի նման աշխատաոճը սխալ է եւ եթե այն տարիներ շարունակ իրեն չի արդարացրել, ՀԱԿ-ում պիտի հետեւություններ անեն. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
«Շատ բարձր եմ գնահատում մեր համատեղ անցած ուղին, շատ մեծ հարգանք ունեմ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀԱԿ-ի որոշ այլ անդամների նկատմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ գործընկերների հետ նման կերպ չեն վարվում: Շանտաժով գործընկերներ չեն վաստակում եւ չեն պահում: Ի վերջո, մենք ՀԱԿ կուսակցության հետ պայմանագիր չունենք, որ միշտ համակարծիք ենք լինելու իրենց հետ»,- «[url=http://www.aravot.am/2015/08/29/603561/]Առավոտի[/url]» հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նա ասել է, որ ՀԱԿ դաշինքի հետ ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը երկար ճանապարհ են անցել. «ՀԱԿ կուսակցությունն, իհարկե, միշտ փորձում է ՀԱԿ դաշինքը նույնացնել կուսակցության հետ եւ ներկայացնել, որ դրա արդյունքում եմ ես հայտնվել խորհրդարանում: Ես ուզում եմ հիշեցնել Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր պարբերաբար փորձում են ինձ հուշել, որ ես ՀԱԿ կուսակցության շնորհիվ եմ մտել ԱԺ` բոլորս էլ ՀԱԿ դաշինքի պայքարի եւ սեփական ներդրման արդյունքում ենք հայտնվել խորհրդարանում:
Իհարկե, կային էլի շատ արժանավոր մարդիկ, ովքեր խորհրդարանում չկարողացան ներկայացված լինել, որովհետեւ դաշինքը հաղթահարեց 7 տոկոսը: Բայց առանցքային մարդիկ, ովքեր իրենց լրջագույն դերակատարումն են ունեցել ՀԱԿ դաշինքի կայացման եւ համաժողովրդական շարժման մեջ, այսօր խորհրդարանում են: Ավելորդ համեստություն չեմ ուզում անել` ՍԴՀԿ-ն, որի ատենապետն էի ես, իր մեծագույն ավանդն ունի այդ պայքարի մեջ, այն առանցքային չորս կուսակցություններից մեկն էր, որ ՀԱԿ դաշինքի գործունեության համար կարեւորագույն ներդրումներ ունեցավ. 15-օրյա հացադուլներ ենք արել, ծեծի, տարբեր բռնությունների ենք ենթարկվել, փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներն էինք, ես եւ մեր բազմաթիվ անդամները քանիցս բերման ենք ենթարկվել: Մեր ազնիվ, նվիրյալ աշխատանքի արդյունքում է, որ ես այսօր խորհրդարանում եմ: Եվ ՀԱԿ-ն էլ երբեք պատահական, չճանաչված ու ավանդ չունեցող մարդուն իր հիմնական ցուցակում չէր ներառի: Կյանքը չի ավարտվում սահմանադրական բարեփոխումների «այո»-ով կամ «ոչ»-ով: Մենք մի փոքր երկրում ենք ապրում ու դեռ շփվելու բազմաթիվ առիթներ ենք ունենալու, այնպես որ, իմ գործընկերներին խորհուրդ եմ տալիս կոռեկտություն պահպանել»:
Այսպիսով, ՀԱԿ-ի հետ կամուրջներն այրված են` լրագրողի եզրահանգմանը, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձել է. «Ես կամուրջներ այրողների դասին երբեք չեմ դասվել: Բայց ՀԱԿ-ի նման աշխատաոճն էլ սխալ է եւ եթե այն տարիներ շարունակ իրեն չի արդարացրել, ՀԱԿ-ում պիտի հետեւություններ անեն եւ վերանայեն գործընկերների հետ իրենց աշխատաոճը»: Հարցին էլ` հնարավո՞ր է պատգամավորական մանդատը վայր դնեք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդ մանդատը վաստակել եմ եւ որեւէ մեկը ինձ չի կարող պարտադրել` այն վայր դնել»: Այնուհանդերձ, ՎՍԴՀԿ-ն «Այո»-ի շարժմանն էլ չի միանա. «Մենք կողմ ենք քննարկման, որի դրական կամ բացասական արդյունքի դեպքում որոշում կկայացնենք»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ նյութեր
14425 դիտում
10:55 29-06-2017
Այլապես ես էլ պիտի ճամպրուկներս կապեմ և արտագաղթեմ. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
4040 դիտում
11:18 21-01-2017
Եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»