Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը կարող է խոչընդոտել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզայի ազատականացմանը
Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամը կարող է բացասաբար ազդել Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալի Սաբանիձեն:
GeorgiaOnline-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ հույս ունեն, որ մինչև 2015 թվականի վերջը ԵՄ-ը ազատ վիզային ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ բավականին բարդ ենթատեքստ է առկա՝ միգրացիոն ճգնաժամը, որը ԵՄ-ին բարդ մարտահրավերների առաջ է կանգնեցրել: Այդ ֆոնին որոշումը կայացնելը շատ դժվար է, այդ իսկ պատճառով կարող են գործոններ լինել, որոնք մեզնից կախված չեն և բացասաբար ազդել մեզ վրա»,-ընդգծել է Սաբանիձեն:
Նշենք, որ Վրաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները տարվում են 2012 թվականից: