211652_close_icon
views-count1379 դիտում article-date 23:10 03-09-2015

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության պատգամավորներին՝ խմբակցության նախագահ Բրունո լե Ռուի գլխավորությամբ: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների՝ Արցախ նախատեսվելիք այցելությունը՝ նշելով, որ դա հնարավարություն է ընձեռում առաջին ձեռքից ծանոթանալ իրավիճակին և զարգացումներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված իրենց գործունեությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներին: Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը՝ առանձնահատուկ ընդգծելով Ֆրանսիայի դերը ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտողականության դեմ պայքարում: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Ֆրանսիայի նախագահի ղեկավարությամբ պատկառելի պատվիրակության մասնակցության համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Նմանատիպ նյութեր