211652_close_icon
views-count1502 դիտում article-date 21:23 24-05-2016

ԼՂՀ Ազգային ժողովը հյուրընկալել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել «Ֆրանսիա–Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի կողմից ընդունված որոշումը՝ Արցախ այցելելու և անմիջապես տեղում տեղեկություններ ստանալու մտադրությունը: Այնուհետև հանդիպումը շարունակվել խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, գիտակրթական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում նշել է, որ իրենց համար շատ կարևոր է ապրիլին Ադրբեջանի կողմից ծավալած ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու և փաստացի տեղեկությունները «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, ինչպես նաև ֆրանսիական իշխանություններին և հասարակությանը ներկայացնելու հնարավորությունը: «Այսօր այցելելով սահմանամերձ բնակավայրեր և առաջնագիծ՝ մենք տեսանք, որ այնտեղ իրենց հողն են պաշտպանում երիտասարդ զինվորներ, ովքեր հրադադարից հետո են ծնվել, սակայն ունեն իրենց հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն և խիզախություն», -նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը: «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեն իր գոհունակությունն է հայտնել Արցախում գտնվելու համար և նշել, որ իրենք փորձում են լայնածավալ աշխատանք տանել ինչպես ֆրանսիացի իրենց գործընկերների, համակուսակիցների, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում՝ Ադրբեջանական լոբբինգին հակազդելու և իրականությունը տեղ հասցնելու համար: «Ադրբեջանը, ապրիլյան դեպքերից հետո, փորձում էր ԵԽԽՎ-ում միակողմանի նախագծեր ներկայացնել, որոնք սակայն մերժվեցին: Կարծում եմ, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ տեղի ունեցածի մասին իրական տեղեկատվություն մատուցելու համար»,-ընդգծել է Ռենե Ռուքեն: Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հավաստիացրել է, որ անկախ նետված մարտահրավերների ձևից և բովանդակությունից, Արցախը շարունակելու է պայքարը հանուն ժողովրդավարական արժեքների ու ազատության, և այդ պայքարում շատ կարևոր է նույն արժեհամակարգը կրող ժողովուրդների անվերապահ աջակցությունը:

Նմանատիպ նյութեր