1960 դիտում
17:25 16-09-2015
Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կներկայացնի բացառիկ նախագծեր
Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացնի Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։
Այդ մասին սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր
Պողոսյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Սերգեյ Սմբատյանը։
Արթուր Պողոսյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակումը և ներկայացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում մեր մշակույթի համար կարևոր ուղղություն է։ «Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ կոմպոզիտոր, մեր մշակութային այցեքարտն է ամբողջ աշխարհում, և մեր ճանաչելիության մակարդակն է ապահովում։ Վերջին տարիների քաղաքականությունը, որ իրականացվում է մշակույթի նախարարության կողմից Երիտասարդական նվագախմբի ինտելեկտուալ հնարավորություններով, արդյունքներ տալիս է»,- նշեց մշակույթի փոխնախարարը։
Սերգեյ Սմբատյանը, խոսելով փառատոնի մասին, նշեց, որ երաժշտական այս իրադարձությունն այս տարի իրականացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ինչը վկայությունն է այն բանի, որ երկրի ղեկավարը կարևորում է արվեստն ու դասական երաժշտությունը։ Փառատոնն այս տարի կանցկացվի «Կյանքիս մեծագույն սերը՝ Հայրենիք» կարգախոսով։ Այն կընդգրկի 19 համերգ՝ 10 սիմֆոնիկ (շաբաթ օրերին), 9 կամերային (չորեքշաբթի օրերին) համերգներ։ Կմասնակցեն արտիստներ, որոնք արժանացել են երաժշտական աշխարհի լավագույն տիտղոսներին՝ Աննա Վինիցկայա, Սուրեն Բագրատունի, Սերգեյ Նակարյակով, Չադ Հուփս, Վահագն Պապյան, Ալեքսանդրա Սոում, Ալեքսանդր Ռոմանովսկի և այլք։ Ելույթ են ունենալու նաև հայաստանցի երաժիշտներ ու
կոլեկտիվներ։
Ի թիվս շատ նախագծերի՝ կներկայացվի նաև «Հույսի երաժշտություն» խորագրով ծրագիրը, որը նախատեսված է երեխաների համար. հնչելու են ստեղծագործություններ Արամ Խաչատրյանի մանկական ալբոմից։ Երեխաների համար նախատեսված համերգը կնվագեն հենց իրենք՝ երեխաները, ովքեր սովորում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
Աննախադեպ կլինի խաչատրյանական փառատոնի փակման երեկոն։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կհնչեցնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։
Փառատոնի շրջանակներում կնշվեն մեր երախտավորների հոբելյանները, իսկ 13-17 տարեկան բոլոր պատանի հանդիսատեսները հովանավորների շնորհիվ կկարողանան անվճար մասնակցել համերգներին։
Խոսելով թվերով՝ պարոն Սմբատյանը նշեց, որ խաչատրյանական տոնի ընթացքում ծրագրում են ունենալ ավելի քան 16000 հանդիսատես, 140 հազարից ավելի առցանց դիտումներ, հանդիսատեսին կներկայացվի 6 համաշխարհային պրեմիերա, կհնչի ավելի քան 60 ստեղծագործություն, կմասնակցի 36 արտիստ, կունենան 154 հյուր։
Նվագախմբի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր աջակիցներին՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին, «Լուդինգ» ընկերությանը՝ ի դեմս Արթուր Վարժապետյանի։
Նմանատիպ նյութեր
2972 դիտում
22:56 12-09-2014
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը
6898 դիտում
23:38 07-10-2016
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը
1212 դիտում
22:32 06-06-2022
Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
565 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
658 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
832 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով