211652_close_icon
views-count1399 դիտում article-date 16:23 23-09-2015

ԵՊԲՀ-ում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Լևոն և Էլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում բացվեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք: Նորաբաց բաժանմունքում տեղադրվեց նաև հանրահայտ General Electric ընկերության Brivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը նվիրաբերվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության և հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ` Արտեմիս Նազարյանի և նրանց որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի և հետազոտական ինստիտուտի ղեկավար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի կողմից: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր երախտագիտությունը հայտնեց միջոցառմանը ներկա ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, Նազարյանների ընտանիքին, ինչպես նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում: Նախարարն ընդգծեց, որ Սփյուռքում բնակվող շատ անվանի բժիշկներ անմոռանալի դերակատարություն են ունեցել հայրենիքի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման, բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործում: «Ուրախալի է, որ այս հիվանդանոցի նաև երիտասարդ բժիշկները հնարավորություն կունենան աշխատելու այն սարքավորումներով, որով հագեցած են աշխարհի լավագույն կլինիկաները»,- ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նորագույն սարքավորումները էականորեն նպաստում են մատուցվող ծառայությունների, հիվանդությունների ախտորոշման որակի բարելավմանը, կանխարգելիչ բժշկության զարգացմանը: Առողջապահության նախարարը առանձնահատուկ շեշտեց, որ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իր ուրույն տեղն ունի առողջապահական համակարգում և դրա վառ օրինակն է կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, ծանր դեպքերի բուժումը, բուժանձնակազմի նվիրված աշխատանքը: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ ԵՊԲՀ-ի կյանքում հուզիչ օր է: Նա ընդգծեց, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը հնարավորություն կընձեռի շուրջ երեք անգամ բարելավել ախտորոշիչ ծառայությունների հզորությունները: Նշվեց, որ նոր սերնդի այս սարքը ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչն առավել ճշգրիտ ախտորոշման հնարավորություն է տալիս: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում` սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլն: Սարքի ընդհանուր արժեքն է 1. 400 000 ԱՄՆ դոլար: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ-ի և ԵՊԲՀ-ի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր