211652_close_icon
views-count1566 դիտում article-date 11:03 01-10-2015

ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել է վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ՀԾԿՀ նիստում: Որոշման մեջ ասված է. «Հաշվի առնելով` ա) «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 15-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սեպտեմբերի 25-ի գրությունները, բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.2 բաժինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 1. Թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: 2. Սահմանել, որ սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը: 3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր 100 տոկոս բաժնետոմսերի (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակի) վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հավաստիացումներ) դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Նմանատիպ նյութեր