1941 դիտում
10:57 13-10-2015
Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել հայկական կողմի համար սկզբունքորեն անընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ:
Նման պայմաններում Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին: Այս պատճառով է Հայաստանը ներգրավվել որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենա Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը՝ ինչպես տվյալ գործի, այնպես էլ՝ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունն այս գործով, որպես երրորդ կողմ, Եվրոպական դատարանից ակընկալում է արդարացի վճիռ, որը զերծ կլինի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության փաստը՝ պատմական, իրավական կամ որևէ այլ համատեքստում:
Նպատակն այն է, որպեսզի Եվրոպական դատարանի վճիռը չդառնա գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին, ովքեր կփորձեն այն օգտագործել իրենց անբարոյական նպատակներով:
Հիշեցում. Գործի նախապատմությունը կապվում է Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքի ռասիստական և ատելություն սերմանող գործունեության հետ: Նա Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահն է և ներկայանում է որպես իրավագիտության դոկտոր: Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»:
2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:
Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել:
Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները:
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ [url=http://agent.echr.am/]agent.echr.am[/url] կայքում:
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
12:04 25-01-2016
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
2015 դիտում
18:28 20-06-2014
Բակո Սահակյանն ընդունել է Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը