211652_close_icon
views-count2395 դիտում article-date 20:30 13-10-2015

Խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում

Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման էկումենիկ արարողությունը: Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արարողությանn ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ խաչքարը վառ կպահի Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործության անմեղ զոհերի հիշատակը: Իր խոսքում քաղաքապետ Քուլը նշեց, որ, ինչպես ԳԴՀ նախագահն է ասել այս տարի ապրիլի 23-ին, պետք է պատմության հետ առերեսվել և իրականությունից չխուսափել: «Միայն այս ճանապարհով է հնարավոր սերունդների համար հարթել խաղաղ և հաշտ ապագա»,- հավելեց քաղաքապետը: Արարողության ավարտին Աշոտ Սմբատյանը գրառում կատարեց Լեեր քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

Նմանատիպ նյութեր