211652_close_icon
views-count2353 դիտում article-date 18:38 15-10-2015

Ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը մեկնում Հունաստան

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հոկտմբերի 17-ին մեկնելու է Հունաստան։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։ Նա մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Արագած Ախոյանը նաեւ ելույթ է ունենալու, բարձրացնելու է Մերձավոր Արեւելքի խնդիրները եւ քրիստոնեա ազգերի խնդիրները։ «Բնականաբար Թուրքիային քննադատող սուր ելույթ է ունենալու»,- ավելացրեց Արագած Ախոյանը։ Ստորեւ ներկայացնում ենք Արագած Ախոյանի ելույթի տեքստը. «Աշխարհը շարունակում է զարգանալ և այդ զարգացման հիմքում օրեցօր ընդգծվում են մարդկության մշակութային և կրոնական առանձնահատկությունները: Այսօր մենք ականատես ենք լինում երբեմնի ընդգծված ազգային դիմագիծ ունեցող Եվրոպայի մշակութային-կրոնական բազմաշերտ հանրույթի ձևավորման գործընթացի: Մի բան, որի հիմքը կազմող շերտերը գոյանում են ի հաշիվ թե՛ օրինական, թե՛ անօրինական ներգաղթյալներից: Մարդիկ, ովքեր գնում են այդ քայլին մեծամասամբ տարաբնույթ հարցեր ունենալով ոչ այնքան սոցիալական խնդիրներից, որքան դրան նախորդած և նպաստած սեփական մշակութային-սովորույթային առանձնահատկությունները դրսևորելու հնարավորությունների կասեցման, կրոնական անհանդուրժողականության դրսևորման վտանգներից դրդված: Եվ մինչ Եվրոպան փնտրում է խնդրի հնարավոր լուծումները՝ Մերձավոր Արևելքը, ներգաղթյալների երբեմնի հայրենիքը, իր արևելյան խորհրդավորության մեջ է թաքցնում ազգերի գոյակցության և հակասությունների բոլոր բանալիները: Տարածաշրջան, որտեղ դարեր ի վեր բախվել են Արևմտյան և Արևելյան քաղաքակրթությունների տիտանները, որտեղ ծնվել և աշխարհով մեկ տարածում են գտել մարդկության տարաբնույթ կրոնների կողքին այսօր առավել մեծ հավատացյալների շարքեր արձանագրող քրիստոնեությունն ու իսլամը, որտեղ արարվել են համաշխարհային մշակութային կոթողներից շատերը, որտեղ նախանշվել են մարդկության սկզբնավորման օրանները: Հասկանալու համար այն հնարավորությունները, որոնք կարող են ցույց տալ մշակութային և կրոնական բազմակարծության պայմաններում խաղաղ գոյակցության ուղիները, անհրաժեշտ է վերաարժևորել տարածաշրջանի պատմական անցյալը և զուգահեռ գնահատականներ տանելով ներկայի հետ տեսնել ապագան: Մերձավոր Արևելքում հունա-հռոմեկան և պարթևական բախումները իրենց հիմքում առավել քան աշխարհաքաղաքական շահերի հակադրման դրսևորում էին՝ զուգակցված կողմերից մեկի առավելապես մշակութային դոմինանտության պարտադրման փորձերով, ինչպես օրինակ հելլենիզմի դեպքում: 5-րդ դարից թափ առած բյուզանդա-պարսկական, ապա նաև արաբական բախումները հետզհետե սկսեցին կրոնական երանգավորումներ տալ նույն աշխարհաքաղաքական հակադիր շահերին, որոնք իրենց գագաթնակետին հասան խաչակիրների ու իսլամական արևելքի հակամար-տության փուլում: Սակայն, եթե նախորդ դեպքերում Արևմուտք-Արևելք դասական դարձած հարափոփոխ հակամարտութ¬յունները տարբեր մշակութային և կրոնական հենքերի բախումներ էին, ապա 15-րդ դարից սկսած քրիստոնեական Բյուզանդիայի ամբողջ ու Հայաստանի մեծ մասի վրա Օսմանյան Թուրքիայի առաջաման արդյունքում տարածաշրջանում նոր իրավիճակ ձևավորվեց: Մերձավոր Արևելքը շարունակելով մնալ Արևմուտք-Արևելք հակամարտությունների կիզակետ՝ նաև Արևելքի նույն կրոնական արիալում գտնվող տերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի բախման հարթակ դարձավ: Ըստ էության այդ նոր զարգացումները, եթե մի կողմից պայմանավորված էին իսլամի ճյուղային տրոհումով, մյուս կողմից էլ ազգային և մշակութա-սովորույթային տարբերվող առանձնահատկությունների արդյունք էին: 20-րդ դարում իրավիճակը գրեթե նույն պատկերը ապահովեց՝ բացառությամբ նոր կողմի՝ Իսրայելի ի հայտ գալով, որն էլ այդքան մոտ լինելով նախորդ կրոնամշակութային հենքերին, նույնքան էլ տարբեր կրոնամշակութային դիմագծեր ուներ: Ինչը արտահայտվում էր ազգային շահերի որդեգրման տեսանկյունից: Սակայն այդ հակադրություններից ծնված ամենազարհուրելի պատուհասը 20-րդ դարում տարածաշրջանում անհանդուրժողականության մեծագույն արտացոլման՝ Հայոց ցեղասպանության իրագործումն էր Թուրքիայի կողմից: Ըստ ամենայնի, այն ոչ միայն տարաբնույթ կրոնամշակութային հենքերի բախման ծայրահեղ լուծման օրինակ դարձավ, այլ նաև յուրատեսակ խորհուրդ, դաս սերունդներին որպես նման հակադրությունների վերջնակետ: Բայց միթե՞, իրապես, հենց մշակութային և կրոնական բազմազանությունն էին այն պատճառները, որ Մերձավոր Արևելքը վերածեցին նման թնջուկի: Կարծում եմ դրանք շարժառիթներ էին: Առաջին հերթին աշխարհաքաղաքական շահերն էին այդ հակադրությունների հիմքում կանգնած: 21-րդ դարում միջազգային տեսանկյունից առևտրական կարևոր խաչմերուկների կենտրոն Մերձավոր Արևելքը այսօր արդեն էներգետիկ պաշարների մեծածավալ կենտրոնի վերածվելով՝ նորից ու նորից դեպի իրեն է ձգում համաշխարհային խաղացողներին: Կրկին բախումների տեղիք տալով՝ շարժառիթները այս անգամ կարծեք թե կրոնամշակութայինի փոխարեն սոցիալական և ժողովրդավարական հիմնախնդիրներն են: Իրաքի ու Աֆղանստանի տարածքում մասսայական ոչնչացման զենքի հայտնաբերման պատճառաբանություններից մինչև իսլամական ծայրահեղականների ոչնչացման խնդիրների լուծման նպատակով ԱՄՆ գլխավորությամբ արևմտյան կոալիցիայի կողմից սկսած ռազմական գործողությունները, ապա նաև սոցիալական անարդարությունների դեմ պայքարի քողի ներքո սկիզբ առած այսպես կոչված «արաբական գարնան» հեղափոխությունների ալիքը արագ բացահայտեցին այն, ինչը արձանագրվել էր առաջին աշխարհամարտի ընթացքում: Սոցիալական բողոքների ալիքների կիզակետ հռչակված Մերձավոր Արևելքը իր մշակութային-սովորույթային, ինչպես նաև կրոնական առավել պահպանողական հայացքներով երբեք սոցիալական անարդարության գործոնը առաջնային դիրքերում չի ունեցել: Այն եթե անգամ ծագել է, ուղղորդվել է կրոնական անհանդուր-ժողականության սրման ճանապարհով մի կողմից ներքին ազգային խնդիրներ լուծելու, մյուս կողմից էլ արտաքին առումով աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար: 20-րդ դարի սկզբին ներքին ազգային խնդիրների լուծման որպես օրինակ կարելի է տեսնել Օսմանյան Թուրքիայում ստեղծված իրավիճակը: Սուլթանական ռեժիմի արդյունքում թուրքական տարրի շրջանակներում ծագած սոցիալական պահանջները 1908 թ. վերածվելով երիտթուրքերի հեղափոխության անմիջապես հետո շարունակվել են արդեն հայերի, հույների, ասորիների, եզդիների կոտորածների տեսքով: Դրանք ուղեկցվել են երկու ռազմաքաղաքական ճամբարների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար ծագած պատերազմով: Նույն տրամա¬բանությունը Մերձավոր Արևելքում այսօր էլ տեսանելի է: Աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար սկիզբ առած սոցիալական բախումները տարածաշրջանում կրկին ազգային, առանձին կրոնական էթնիկ միավորների ներքին խնդիրների միակողմանի լուծման ծայրահեղ մեթոդների առիթ են ընձեռում: Եզդիների զանգվածային կոտորածներից մինչև Իրաքի և Սիրիայի քրիստոնյաների տեղահանությունը ընթանում են կրկին իսլամի շիա և սուննի տարածաշրջանային ներքին հակադրությունների համատեքստում: Սիրիայում Ռուսաստանի վերջին ռազմական գործողությունների ֆոնի ներքո կարծեք թե հանգուցալուծման ուղու նշմարվում է նկատվում: Այդ գործողությունների արդյունքում իսլամի դավանած արժեքների հետ ոչ մի կապ չունեցող այսպես կոչված «Իսլամական պետության» դիրքերի օրեցօր թուլացումը, այնուամենայնիվ, հանգիստ չի թողնում տարածաշրջանում անթաքույց թելադրող դիրքեր հետապնդող Թուրքիային: Նման օրինակի առիթ հանդիսացավ Թուրքիայի օդային սահմանը հոկտեմբերի սկզբին Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ռուսա-կան ռազմական ինքնաթիռների կողմից երկու անգամ հատելու փաստը: Եվ չնայած նրա, որ Մոսկվան հիմնավոր բացատրություն էր տվել, նույնիսկ առաջին հատման ժամանակ տեղեկացրել նաև թուրքական կողմին այդ մասին, թուրքական կողմը ծայրահեղական ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին զինվորագրվելու փոխարեն նախընտրեց տնտեսական շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելը: Գործը հասավ նրան, որ Թուրքիայի նախագահը այդ խախտումները հասկանալի շեշտադրումներով զուգակցեց ՆԱՏՕ-ի սահմանների անօրինական հատման հետ: Չհանդգնելով Մոսկվայի դեմ ուղղակի քայլերի՝ թուրքական կողմը գրեթե նույն ժամանակահատվածում արդեն իր ռազմական ուղղաթիռներով ևս երկու անգամ խախտեց Հայաստանի Հանրապետության օդային սահմանը: Գուցե սա էլ ոչ միայն իր կողմից զրո խնդիրներ հարևանների հետ սկզբունք հայտարարած հարևան Հայաստանի, այլ նաև ՀԱԲԿ սահմանի խախտում հայտարարել: Այն էլ մի երկրի սահման, որի զավակների հետ մշակութակրոնական բազմակարծության պայմաններում խաղաղ գոյակցելու փոխարեն ցեղասպանության ենթարկած պետությունը, փորձում է խոսել Մերձավոր Արևելքում ազգերի խաղաղ գոյակցման երաշխավորի դերում հանդես գալու պատրաստակամության մասին: Միևնույն կողմից հակառակ տրամաբանությամբ գործելով իր կրտսեր գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ : Ուստի, խոսելով մշակութային և կրոնական բազմակարծության պայման-ներում խաղաղ գոյակցման հնարավորությունների շուրջ նորից, ամփոփելով, հիշենք այն պատմական ուղին, որը բաժին հասավ Մերձավոր Արևելքին ու հասկանանք, որ առավել հանդուրժող քրիստոնեության տարածաշրջանից դուրս մղման գործընթացը առաջին հերթին վնասակար է հենց իսլամադավան շրջանակների համար: Մի պարզ պատճառով, որ այն միշտ եղել է յուրօրինակ միակցող կամուրջ հենց իսլամի երկու հակադիր ճամբարների համար»:

Նմանատիպ նյութեր