211652_close_icon
views-count7656 դիտում article-date 19:06 22-10-2015

Թմրամոլին՝ մարիխուանա, թուլամորթին՝ ամոթ, գյուղացուն՝ հող

Բնական է և օրինաչափ, որ սոցիալական դժվարությունների տակ կքած մարդը, իր վատ ապրելու մեղավորի փնտրումներում, հաճախ թիրախ է ընտրում քաղաքական-պետական գործչին, չինովնիկին, կուսակցականին, երբեմն առանց խորամուխ լինելու սոցիալ-տնտեսական դժվարությունների քաղաքական, տարածաշրջանային, միջազգային և գլոբալ պատճառների մեջ: Նա ուզում է լավ ապրել ու վերջ: Նա ուզում է, որ լավ ապրեն նաև իր բարեկամները, հարազատները, բոլորը: Այնպես որ, ընդհանուր բարեկացություն ապահովելու խնդրի ուղղակի կամ անուղղակի պատասխանատուին հասցեագրված մեղադրանքին ու քննադատությանը պետք է ըմբռնումով վերաբերվել, ինչը երբեմն բացակայում է, հատկապես մարզային միամիտ չինովնիկների, անկիրթ քաղաքական դիլետանտների, պատեհապաշտների, խրոնիկ ձախողակների, ինչպես նաև՝ մեծամտության բարդույթով տառապող գավառամիտների շրջանում: Արտագաղթը կասեցնելու ունիվերսալ գործիքներ չկան, բայց պատճառներն ամենուր գրեթե նույնն են: Սակայն ոչ մի ուսումնասիրող ոչ մի ժամանակ չի արձանագրել, որ այս կամ այն ժամանակ, այս կամ այն ժողովրդի զանգվածային կամ տարերային արտագաղթի պատճառը գաղթականների թուլամորթությունն է եղել: Միայն վերջերս չինովնիկներից մեկը արեց այս դարակազմիկ գյուտը, իր ծանրակշիռ ներդրումն ապահովելով արտագաղթի պատճառների ուսումնասիրման և կանխման շնորհակալ գործում: Քաղաքացին չինովնիկին քննադատելու իրավունք ունի, սակայն չինովնիկը ժողովրդին քննադատելու և վիրավորելու բարոյական իրավունք չունի: Նա ժողովրդի ծառան է: Պետք է կատարի օրենքով սահմանված իր պարտականությունները և գործի իր լիազորությունների շրջանակներում: Եվ առնվազն միամտություն է կարծելը, թե դրսում բարեկեցիկ կյանք որոնող մարդկանց թուլամորթ անվանելուց հետո, նրանց թիվը կարող է մեկով պակասել: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ ապրում ենք 21-րդ դարում, արևմտյան քաղաքակրթության մաս կազմող ազատ, ժողովրդավարական հասարակությունում: Պետք է հաշվի առնել, որ ազատ տեղաշարժի իրավունքը քաղաքակրթական նորմ է, որն ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնարար հոդվածներից մեկով: Այն թույլ է տալիս յուրաքանչյուրին ընտրել այնպիսի երկիր, որտեղ լավ է իր համար: Օրինակ. Գյուղացին ընտրում է այնպիսի երկիր, որտեղ լավ-բերրի հող կա, բերքն իրացնելը հեշտ է: Դերձակն ընտրում է այնպիսի երկիր, որտեղ նորաձևությունից բան են հասկանում, շորը գին ունի: Ադամանդագործն ընտրում է այնպիսի երկիր, որտեղ իր արհեստը հարգվում-գնահատվում է: Պոռնիկն ընտրում է այն երկիրը, որտեղ մարմնական խրախճանքների ավանդույթներ կան: Թմրամոլն ընտրում է այն երկիրը, որտեղ մարիխուանան ազատ վաճառվում է: Աղանդավորն ընտրում է այնպիսի երկիր, որտեղ խղճի ազատություն կա: Թվարկածներին, և ընդհանրապես՝ այլ երկրում լավ, ներդաշնակ, բարեկեցիկ կյանք որոնող մարդկանց չի կարելի վերևից, փափուկ տեղից մեղադրել թուլամորթության մեջ: Նրանց չգնալու համար պետք է յուրաքանչյուրին տալ իր ուզածը: Իսկ դա դեռևս անհնար է: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր