211652_close_icon
views-count1049 դիտում article-date 20:51 02-11-2015

Ա. Աշոտյանը հանդիպել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել "Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան" կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է "Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական համակարգում" հետազոտական զեկույցը: Աշխատանքը իրականցվել է "Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան" կազմակերպության կողմից և մինչ զեկույցի հրապարակումը կազմակերպության ներկայացուցիչները դիմել են ՀՀ ԿԳՆ՝ քննարկման առաջարկով: ԿԳ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից գերակայություն է հռչակվել կոռուպցիայի դեմ պայքարը և այս համատեքստում, զեկույցում բարձրացված խնդիրները կարող են օգտակար լինել հակակոռուպցիոն նոր ծրագրի և միջոցառումների պլանի մշակման համար. "Կառավարության կողմից այս տարվա ընթացքում իրականացվել է կրթության ոլորտում հակակոռուպցիոն ոլորտի ուսումնասիրության պետական ծրագիր: Առաջիկա երեք տարում պետք է մշակվի նաև գործողությունների և միջոցառումների ծրագիր և այս զեկույցի գնահատականները մենք կարող ենք նկատի ունենալ",- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է միջազգային և տեղական կազմակերպությունների փորձագետների կատարած աշխատանքը, որոնցից մեկն էլ ներկայացվող զեկույցն է, որտեղ անդրադարձ է արված հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերին: Մասնավորապես հետազոտության հեղինակները մտահոգիչ են համարել կառավարման խորհուրդների ձևավորման ներկա սկզբունքները և կրթական համակարգի, մասնավորապես բուհերի քաղաքականացման աստիճանի բարձրացման խնդիրը: Նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից նախապատրաստվում է օրենսդրական առաջարկություն՝ կառավարման խորհուրդների ձևավորման սկզբունքների վերանայման վերաբերյալ, ինչ վերաբերում է համակարգում քաղաքականացվածության աստիճանի բարձրացմանը՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանում քաղաքականացված և կուսակցականացված բուհեր չկան, իսկ բուհերի անձնակազմերը կարող են ունենալ քաղաքական և կուսակցական կողմնորոշում, ինչը չի հակասում օրենսդրությանը և ցանկացած մարդու իրավունքի իրացում է: Անդրադառնալով առաջիկայում հանրապետությունում նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ ՀՀ ԿԳ նախարարը վստահեցրել է, որ որևէ ուսումնական հաստատությունում քարոզչություն չի իրականացվելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի տարածքը տվյալ համայնքի միակ պատշաճ սրահն է, որտեղ ապահովված են հանրության հետ հանդիմպման պահանջները: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր