211652_close_icon
views-count1250 դիտում article-date 19:32 02-11-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը. ֆոտոռեպորտաժ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել. ԱԺ նախագահի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում են բարեկամական բազմադարյա հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու պետությունների միջեւ սերտ կապերն ու փոխգործակցությունը, քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ մշակութային, կրթական, գիտական շփումները: Բարձր գնահատելով համատեղ աշխատանքը՝ պարոն Սահակյանը կարեւորել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակությունը հայ-ռուսական միջպետական կապերի զարգացման գործում: Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն լայն հնարավորություններ է ստեղծել երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների կարեւոր խնդիրներից է օրենսդրության ներդաշնակեցումը, որը կնպաստի տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հայկական կողմն ակնկալում է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելությամբ կմասնակցի այդ հանրաքվեին: ՌԴ Նախագահի կարգադրությամբ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ բարեկամության ամրապնդման, միջխորհրդարանական ու մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը ու «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը: ՌԴ Նախագահի հանձնարարականով տիկին Մատվիենկոն շնորհակալագրեր է հանձնել ռուս-հայկական համագործակցության զարգացման եւ երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանին, Ալեքսան Պետրոսյանին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 2-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր