211652_close_icon
views-count1594 դիտում article-date 10:42 07-11-2015

Ավարտվել է միջբուհական մարզամշակութային «Ունիվերսիադա-2015» ուսանողական փառատոնը. ֆոտոռեպորտաժ

Նոյեմբերի 6-ին եզրագիծը հատեց միջբուհական մարզամշակութային «Ունիվերսիադա-2015» ուսանողական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությամբ: Արդեն երկրորդ անգամ անցկացվող ուսանողական փառատոնի մասնակից կրթօջախների թիվն այս տարի 16-ն էր: Ունիվերսիադային ներգրավված էին նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների կուրսանտները: Երեք շաբաթ շարունակ ոչ միայն Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները համախմբվել էին մեկ հարկի ներքո ու մեկ գաղափարի շուրջ: Ուսանողական փառատոնի ողջ ընթացքում հետաքրքիր ժամանցն ուղեկցվում էր մարզամշակութային և ինտելեկտուալ բազմաթիվ մրցույթներով: Երգ, պար, թատրոն, ուրախների և հնարամիտների ակումբ, «Ինչ, որտեղ, երբ», շախմատ, ֆուտբոլ, հրաձգություն: Ահա սրանք էին այն ոլորտները, որտեղ էլ ուսանողները ցուցադրեցին իրենց ձիրքն ու ունակությունները: Փակման հանդիսավոր արարողության օրն էլ պարզ դարձան տարբեր մրցույթներում ու անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակից թիմերի և ուսանողների անունները: Ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչված բուհերի ներկայացուցիչներին խորհրդանշական նվերներ ու մրցանակային գավաթներ հանձնեցին Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դիմելով երիտասարդներին` Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ազգային, հայրենասիրական արժեհամակարգի ձևավորման համատեքստում կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը: Ողջունելով մարզամշակութային փառատոնի մասնակիցներին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում նմանաբնույթ միջոցառումներն ուղղակի անհրաժեշտություն են, և հույս հայտնեց, որ ի վերջո այսօրինակ միջոցառումները նպաստելու են այնպիսի արժեհամակարգի զարգացմանը, որ տարիներ անց ներկայիս երիտասարդ սերունդը առանց որևիցէ մի ուժի և զենքի, այլ միայն ու միայն խելքի և գիտելիքի կիրառմամբ ապահովելու է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր