211652_close_icon
views-count2342 դիտում article-date 16:40 18-08-2015

Դիլիջանում ընթացող «Ուսանողական ամառ 2015» մարզամշակութային փառատոնը հյուրընկալել էր Արմեն Աշոտյանին

Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում օգոստոսի 13-19-ը ընթանում է «Ուսանողական ամառ 2015» մարզամշակութային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: Այսօր` օգոստոսի 18-ին ճամբարում հյուրընկալվեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և այլ պատվավոր հյուրեր, ովքեր ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացան ճամբարի կառուցվածքին, մրցույթների ընթացքին և ճամբարականների առօրյային: Այս օրերի ընթացքում տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետները և մասնաճյուղերը ներկայացնող թիմերը խմբավորվել են ազգային հերոսների անունները կրող ջոկատներում և փորձում են իրենց ուժերը ինչպես սպորտային, այնպես էլ ինտելեկտուալ մրցաձևերում: Հյուրերը ներկա գտնվեցին վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին, որից հետո կայացավ պարգևատրման արարողությունը: Նախարարը պատվոգրեր և մեդալներ հանձնեց մրցանակային տեղեր զբաղեցրած ջոկատներին: Մարզամշակութային փառատոնի ընթացքում առավելագույն միավորներ հավաքած «Անդրանիկ Մարգարյան» ջոկատը ճանաչվեց հաղթող և պարգևատրվեց գավաթով ու պատվոգրով: Պարգևատրման արարողությունից հետո կազմակերպվեց տոնական ճաշկերույթ, որից հետո ճամբարականները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել նախարարին, քննարկել կրթական և ուսանողական բազմաբնույթ խնդիրներ, ինչպես նաև ճամբարային հանգստի վերջին րոպեներն անցկացնել պավավոր հյուրերի հետ:

Նմանատիպ նյութեր