211652_close_icon
views-count1401 դիտում article-date 19:00 09-11-2015

Աշխարհում ամեն ինչ փոխադարձ է, ինչպես սերը

Մարդկային հարաբերությունների որակն ու ուղղությունը մասամբ պայմանավորվում է կանխատրամադրվածությամբ: Օրինակ, եթե մարդուն թվում է, թե իրեն ուզում են ուտել, ապա նրանից սկսում է երշիկի հոտ գալ, և նրա հետ շփվողն ակամա ուզում է նրան ուտել: Կամ, եթե թվում է, թե իրեն աշխատանք են առաջարկելու, ապա նրա հետ շփվողը ակամա մտածում է նրան աշխատանք առաջարկելու մասին: Կամ, եթե թվում է, թե ինքը շատ գեղեցիկ է և բոլորն ուզում են իրեն համբուրել, ապա նրան մոտեցողը համբուրում է և այլն: Վատ կանխատրամադրվածության պատճառով մարդն ակամա հայտնվում է անհարմար վճակում, անպատճառ կոնֆլիկտի մեջ է ընկնում: Եթե մարդուն թվում է, թե իրեն վատ մարդու տեղ են դնում, ապա իրեն ուղղված ցանկացած խոսք, քայլ ընկալում է այդ տրամադրությամբ, անհիմն թշնամանում է մարդկանց հետ, նրանց բարեկամեցողությունն ընկալում է որպես քողարկված վիրավորանք, բոլորին ընկալում է որպես թշնամի, չուզող և արդյունքում նրան իրոք վատ են վերաբերվում: Քաղաքական նախաձեռնություններում և միջոցառումներում ևս էական է կանխատրամադրվածությունը: Եթե ընտրություններից առաջ թեկնածուներից մեկը տրամադրվում է, որ մրցակիցը կեղծիք և խախտում է անելու, ապա հիմնովին փոխվում է մասնակցության մարտավարությունը: Կեղծիքն ու խախտումը կանխելու մտքի վրա սևսեռվածը չի մտածում, թե ինչ քարոզչական հնարքներ կիրառի ու շատ ձայներ հավաքի, չի մտածում ընտրություններում հաղթելու, քաղաքական նպատակ իրականացնելու մասին, այլ մրցակցի կողմից հնարավոր կեղծիքն ու խախտումը կանխարգելելու մասին: Արդյունքում ընտրություններն իմաստափոխվում են. Մի կողմը ձգտում է կանխելու կեղծիքն ու խախտումը, իսկ մյուս կողմն, անկախ կեղծիքի կամ խախտումի ծավալից, մեղադրվում է կեղծարարության մեջ: Վերջինիս մասնակցության իմաստն ու մարտավարությունը նույնպես փոխվում է: Նա չի մտածում ժողովրդի վստահությանն արժանանալու մասին, որովհետև կարծում է, թե ժողովուրդն ամեն դեպքում իրեն չի վստահում և մեղադրում է կեղծարարության մեջ, ինչպես մրցակիցը: Արդյունքում ընտրությունները ոչ ոքի կողմից չեն ընկալվում որպես քաղաքացու ազատ կամքի արտահայտություն, որպես քաղաքացու քաղաքական դիրքորոշումն արտահայտելու գործիք, որպես իշխանություն ձևավորելու քաղաքացու իրավունքի իրացում, այլ կեղծիքի իրականացման ասպարեզ կամ կեղծիքի դեմ պայքարելու հնարավորություն: Եվ ընտրություններն իրականում այդ ընթացքն էլ ունենում են. մեկը կեղծում է, իսկ մյուսը պայքարում կեղծիքի դեմ: Եթե պատերազմ գնացողը կանխատրամադրվում է, որ ինքը քիչ է, թույլ և անզոր, իսկ հակառակորդը՝ հզոր ու անհաղթ, ապա նրա պարտությունը գրեթե կանխորոշված է: Կամ եթե սիրո խոստովանություն անողը կանխատրամադրվում է, որ աղջիկը մերժելու է, ապա իրոք մերժում ստանալու հավանականությունը ձգտում է 1-ի: Մի խոսքով, եթե կանխատրամադրվածությունը դրական է, ապա մարդուն ընդառաջ է գալիս հաջողությունը, իսկ եթե բացասական է, ապա ձախորդությունն է ուղեկից դառնում: Այնպես որ, լավ է աշխարհն ընկալել այնպես, ինչպես կա, լցվել դրական մտքերով, հույզերով, ժպտալ, և աշխարհը կժպտա փոխադարձաբար, քանի որ աշխարհում ամեն ինչ փոխադարձ է, ինչպես սերը: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր