Վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է.
«ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլև բժիշկներ: Նրա
պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետև այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում: Միևնույն ժամանակ, ըստ Մակարյանի, տարիներ շարունակ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը այս տարի մնացել է Հայաստանում կամ գնացել-եկել է:
«Իմ տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում և ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել: ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է: Բացի այս, այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել»,- ասել է Մակարյանը»: