104027 դիտում
21:02 13-11-2015
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. ըստ հարևանների պատմածի` բժիշկների ուշացման պատճառով 34-ամյա տղամարդը ավտոտնակում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միչուրինի 5ա շենքի ավտոտնակում քաղաքացի կա և ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով բացել են ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերել են Բուռնազյան փողողի 7/3 շենքի բնակիչ, 34-ամյա Սեյրան Միրզոյանին` կիսաթույլ վիճակում:
Բնակիչները ֆոտոլրագրողին ասում էին, որ իրենք անմիջապես ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն, սակայն բժիշկները ուշացել են, ովքեր ժամանելով նշված վայր` փորձում էին օգնություն ցուցաբերել Ս. Միրզոյանին, սակայն, ցավոք, նա մահացավ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` հատկապես կարևորագուն գործերով քննիչ Արման Աբրահամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոտնակում հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 81 OF 081 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է մահացած Ս. Միրզոյանին և, ըստ նախնական տեղեկությունների` Ս. Միրզոյանը փորձել է ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարել և, հավանաբար, շարժի է դրել ավտոմեքենան և առաջացել է շմոլ գազ, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
Հարևանները նշում էին նաև, որ Ս. Միրզոյանը շրջապատի կողմից գնահատվում էր դրական, հարգված էր բոլորի կողմից ու ցավ էին ապրում, որ հենց նման մարդկանց հետ է նման ողբերգություն տեղի ունենում:
Եթե շտաօպօգնությունը շուտ ժամաներ` հնարավոր էր փրկել երիտասարդի կյանքը, մինչդեռ շտապօգնության վարորդն էլ պնդում էր, որ իրենք շուտ են ժամանել:
ՀԿԳ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո պարզ կլինի` Ս. Միրզոյանը հանկարծամահ է եղել, թե պատճառը եղել է շմոլ գազը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+