211652_close_icon
views-count2612 դիտում article-date 11:47 14-11-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: «Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ կմիանա բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում: Այս դժվարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերն ու հոգիները»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր