59416 դիտում
17:13 14-11-2015
Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ուժեղ քամու պատճառով Նորակերտ գյուղում վնասվել են ոչ միայն դպրոցն ու տները, այլև կոտրվել են գերեզմանոցի մեծ թվով շիրմաքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում վնասվել է դպրոցի տանիքը, կոտրվել են ապակիները, անգամ հաստաբուն ծառն արմատախիլ է եղել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ուժեղ քամու հետևանքով գյուղի գերեզմանոցում կոտրվել են 8-ից ավելի գերեզմանաքարեր: Կոտրվել է նաև գյուղի դպրոցում կանգնեցված Սեյրան Սարոյանի անվան հուշարձանը: Այս պահին գյուղն ամբողջովին հոսանքազրկված է, ու մարդիկ չգիտեն էլ, թե երբ հոսանքը կրկին կմիացվի:
Գյուղապետ Գարիկ Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Մարզպետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներն այցելել են գյուղ, իրենց աչքով են տեսել քամու հետևանքով առաջացած վնասները, հաշվարկները կատարել են և հայտնել են, որ իրավիճակի մասին Գեղարքունիքի մարզպետն արդեն տեղեկացրել է կառավարությանը»:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին. «Հույս էլ չունենք, որ որևիցե մեկն օգնության ձեռք կմեկնի մեզ, քանի որ նախկինում էլ նման դեպքեր եղել են, իսկ վնասները փոխհատուցել ենք մեր ուժերով: Գոնե այս անգամ կառավարությունը և մարզպետարանը սատար կանգնեն մեզ»:
Դպրոցի տնօրենն էլ խենթի նման աջ ու ձախ էր ման գալիս՝ ասելով. «Չգիտեմ՝ ոնց և ինչ պայմաններում ենք վնասները փոխհատուցելու: Երևի կառավարությունը ձեռք կմեկնի, թե չէ 96 աշակերտ ունենք, հո չե՞նք թողնի՝ դասաժամերը պռավալի մատնվեն»:
Իրավիճակի մասին տեղյակ է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, ով հայտնել է, որ վաղը ինքը կայցելի գյուղ, տեղում կծանոթանա իրավիճակին և հնարավորության սահմաններում օգնության ձեռք կմեկնի գյուղացուն:
Այս պահին գյուղում են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Մնացական Փոստոյանի գլխավորությամբ, ովքեր դպրոցի բակից հեռացնում են կոտրված ապակիները, շիֆերները, ծառերը, իսկ հրշեջ-փրկարարներ Հայկ Վարդանյանը, Մակիչ Մկրտչյանն ու Հուսիկ Հոխանյանը վաղ առավոտից գյուղացիների հետ փորձում են վնասված էլեկտրալարերի միացումներ տան, նրանց հետ է նաև գյուղապետը:
Այսօր՝ վաղ առավոտից ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հետ, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներով այցելել են Ծովակ, Մեծ և Փոքր Մասրիկ գյուղեր, որտեղ տեղում ծանոթացել են քամու հետևանքով առաջացած վնասներին, և հաշվարկել վնասների չափը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+