211652_close_icon
views-count896 դիտում article-date 21:45 24-11-2015

Մալթայում 3 երկրների մասնակցությամբ երաժշտական նախագիծ է իրականացվել

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 9-15-ը, Մալթայում իրականացվել է երաժշտական նախագիծ, որին մասնակցել են Ռուսաստանի «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հիմնադրամի /պատվիրակության ղեկավար՝ Վիկտոր Մաևսկի/, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի /ղեկավար՝ Սիլվա Մեքինյան/ և Մալթայի Հանրապետության նորաստեղծ համանուն կազմակերպության /ղեկավար՝ Ալան Կիրկոպ/ անդամները: Նախագծի շրջանակում երեք երկրների պատանի երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգներով, մասնակցել վարպետության դասերի և գիտագործնական քննարկումների: Առանձնակի ուշադրության է արժանացել Հայաստանի Հանրապետության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն` Նելլի Սարգսյանի և Մալթայի նույնատիպ հիմնադրամի ղեկավար` Կոնստանտին Իշխանովի հանդիպումը, որն ուղղված էր երկու երկրների մշակութային կրթադաստիարակչական ոլորտի զարգացման խնդիրներին և ծրագրերին: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ: Երաժշտական նախագիծն իրականացվել է Մալթայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Համերգներն ու վարպետության դասերն անցկացվել են Վալետտայի և Գոզո կղզու լավագույն համերգասրահներում, ՌԴ դեսպանատանը, Ռուսական մշակույթի կենտրոնում: Ամենուրեք պատանիներին ընդունել են մեծ խանդավարությամբ, անկեղծ հիացմունքով և հայկական ավանդական նվագարանների հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով: Հայկական պատվիրակության կազմում հանդես են եկել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամներ Աստղիկ Ղուկասյանը /դաշնամուր/, Նարեկ Բալդրյանը /երգեցողություն/, Գագիկ Հակոբյանը /դուդուկ/, Մերի Մուսինյանը /քանոն/:

Նմանատիպ նյութեր