211652_close_icon
views-count976 դիտում article-date 17:51 25-11-2015

Մենք անթույլատրելի ենք համարում ահաբեկչության դեմ պայքարող ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հարգելի գործընկերներ, Միջազգային իրադրությունը ՀԱՊԿ-ի շուրջ շարունակում է լարված մնալ: Պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում նկատվել են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ: Անկասկած, անցած ժամանակաշրջանում առանցքային դրական փոփոխությունն ընթացիկ տարվա հուլիսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումն էր: Վերջին շրջանի իրադարձությունները հաստատում են տարատեսակ սպառնալիքների աճը: Նախ եւ առաջ, խոսքը գնում է ահաբեկչության սպառնալիքի մասին: Ահաբեկչությունն ամրապնդվում է քանակապես, գաղափարապես եւ ֆինանսապես` վճռորոշ դեր խաղալով տարածաշրջանային հարցերում: Ահաբեկչությունների շարքը, որոնք տեղի ունեցան վերջերս Եգիպտոսում, Լիբանանում եւ Փարիզում, դրա վառ վկայությունն են: Հայերը վերջին տարիներին իրենց մաշկի վրա անմիջականորեն զգացել են ահաբեկչության բոլոր բացասական հետեւանքները: Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան արտագաղթել երկրից: «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրեցին սիրիական Դեյր էզ-Զոր քաղաքի հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Եկեղեցու պայթեցումը բարբարոսության դասական օրինակ է: Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ահաբեկիչների գործողություններին, կանգեցնի դրանց սնող ֆինանսական հոսքերը, արգելի երրորդ պետությունների տարածքների օգտագործումը միջսահմանային հարձակումների, օտարերկրյա զինյալների հավաքագրման եւ տարանցման համար: Այստեղ ես կցանկանայի մի փոքր մանրամասն կանգ առնել, քանի որ ակնհայտ է մեր տարածաշրջանում որոշ պետությունների ոչ ադեկվատ արձագանքն ահաբեկչության դեմ պայքարում: Մեզ համար այն նորություն չէ. դեռեւս 90-ականների սկզբին Ադրբեջանի տարածքը վերածվել էր կենտրոնի, որտեղ ահաբեկիչ-մոջահեդները նախապատրաստում էին Կովկասի տարածաշրջանում իրականացվելիք իրենց գործողությունները: Այնտեղ բազմիցս ապաստան էին գտնում այնպիսի ահաբեկիչներ, ինչպիսիք էին Շամիլ Բասաեւը եւ նրա նմանները: Հարգելի գործընկերներ, Հարկ է նշել, որ սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց կիրառել ծանր հրետանի՝ պարբերաբար կրակահերթի տակ պահելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերը: Վերջին ամիսներին ադրբեջանական հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք: Ի՞նչ անվանում կարելի է տալ այս քաղաքականությանը: Խաղաղ բնակիչների սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն: Ադրբեջանի սադրիչ քայլերի վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը կարող է հանգեցնել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը: Կոչ ենք անում բոլորին հրաժարվել մեր տարածաշրջանում ուժի կիրառումից: Ինչպես ասում էին Հին Հռոմում, երբ շաչում է զենքը, լռում են օրենքները: Մենք անթույլատրելի ենք համարում նախօրեին ահաբեկչության դեմ պայքարող ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից: Միջազգային կազմակերպություններում մենք միշտ չէ, որ միանման ենք քվեարկում մեր երկրներից յուրաքանչյուրի համար կարեւոր հարցերի շուրջ: Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ հակազդելու տարատեսակ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակասում են ՀԱՊԿ անդամ պետություններից մի քանիսի կամ նույնիսկ մեկի շահերը: Վերջում կցանկանայի նշել, որ մենք նպատակադրված ենք ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման: Շնորհակալություն ուշադրության համար»:

Նմանատիպ նյութեր