211652_close_icon
views-count2714 դիտում article-date 20:08 04-12-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցի առաջին կանգառը Իջևանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում էր, որտեղ նախարարը մասնակցել է արոտօգտագործողների կոոպերատիվի տարեկան հաշվետու ժողովին: Կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին և հանդիսացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի առաջին շահառուներից մեկը: Կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանը զեկուցել է, որ իր գործունեության չորս տարիների ընթացքում կոոպերատիվը գգալի հաջողություններ է գրանցել. ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, բարձրացել է վարելահողերի օգտագործման մակարդակը, բարելավվել են դեգրադացված արոտները: Ժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է կոոպերատիվների ստեղծման կարևորությունը: «Կոոպերատիվների զարգացումը մեր երկրի համար հեռանկարային ծրագիր է և գյուղատնտեսության զարգացման համար ամենակարևոր խնդիրը: Հանրապետությունում արդեն ունենք կոոպերատիվների ստեղծման և արդյունավետ գործունեության փորձ, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ խրախուսելու է, որպեսզի նման կոոպերատիվները ավելանան և ընդլայնվեն: Հանրապետությունում արդեն առկա է արդյունավետորեն գործող շուրջ 150 կոոպերատիվ», - նշել է նախարարը: Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ CARMAC 1 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկված են 13 համայնքներ, միաժամանակ նախարարը համոզմունք է հայտնել, որ CARMAC 2 ծրագրի մեջ մարզից հնարավոր կլինի ներգրավել մոտ 20 համայնք: Անդրադառնալով ծրագրում ընդգրկված համայնքների խնդիրներին` դրանց թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է մսի և կաթի մթերման խնդիրները, որոնց լուծման համար երկրորդ ծրագրի շրջանակում քայլեր են ձեռնարկվելու: Նախարարը նաև նշել է, որ ծրագրում ընդգրկված սահմանամերձ համայնքներում նախատեսվում է ջերմոցների, վերամշակման արտադրամասերի, չորանոցների կառուցում, ինչը թույլ կտա գյուղացիներին ավելացնել իրենց եկամուտները: Կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ CARMAC ծրագրի շրջանակում կոոպերատիվի կողմից ձեռքբերված գյուղտեխնիկայի շնորհիվ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 260-ից ավելացել է մինչև 305 գլուխ, ավելացել է նաև կաթնատվությունը: Գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդելու և ավելացնելու նպատակով Գևորգ Գալստյանը խնդրել է կոոպերատիվն ընդգրկել նաև CARMAC 2 ծրագրի մեջ: Կոոպերատիվի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անդամները դիմել են նախարարին նաև կոմբայն տրամադրելու խնդրանքով: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի 13 համայնքում կառուցվել է շուրջ 11.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 31 հատ խմոց, որով ջրարբիացվել է ավելի քան 14500 հա արոտ, ինչպես նաև բարելավվել է դեպի արոտ տանող շուրջ 10կմ ճանապարհ: Բացի այդ, 13 համայնքում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա: Ջրարբիացման համակարգերի կառուցման արդյունքում լիարժեք օգտագործելի են դարձել նախկինում մասնակիորեն օգտագործվող շուրջ 10 հազար հա արոտներ և շուրջ 4500 հա արոտավայրեր: Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների պարբերական մոնիտորինգի արդյունքում գրանցվել է կաթնատվության 18 տոկոս աճ և շուրջ 15 տոկոս քաշաճ: Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան համայնքում գտնվող «Արթուր և Էդիտա» ՍՊԸ պահածոների արտադրամաս, որի սարքավորումների վերազինման, տեխնոլոգիաների արդիականացման և սննդի անվտանգության բարելավման ծրագիրը հաղթող է ճանաչվել CARMAC 2 ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում: Ընկերությունը կստանա 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման և արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով և նույն չափով ներդրում էլ ինքը կիրականացնի: Ներկայացված ծրագրով նախատեսվում է մեքենայացնել վերամշակման ենթակա մրգի, հատապտղի և ապակյա տարաների լվացման գործընթացները, ավտոմատացնել արտադրանքի վերամշակման և պահածոյացման գործընթացները և այլն: Տնօրեն Արթուր Չիլինգարյանի փոխանցմամբ` թողարկված արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան և Գերմանիա, արդեն կա պայմանավորվածություն արտահանումներ կազմակերպել նաև նաև դեպի Թուրքմենստան: Առաջիկայում «Արթուր և էդիտա» ՍՊԸ-ն նախատեսում է իր արտադրամասում կազմակերպել նաև մոռի, մոշի և մասուրի հյութերի արտադրություն և ընդլայնել արտադրության ծավալները` դեպի ԵՏՄ երկրներ արտահանման նպատակով:

Նմանատիպ նյութեր