211652_close_icon
views-count6239 դիտում article-date 19:46 06-12-2015

«Լրագրողների միավորում» ՀԿ-ի կոչը՝ Հովիկ Աբրահամյանին, Վլադիմիր Գասպարյանին, Գևորգ Կոստանյանին և Աղվան Հովսեփյանին. www.aravot.am

2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն ընթանում է մի շարք խախտումներով: Ինչպես ահազանգում են լրատվամիջոցները՝ հանձնաժողովի անդամները, «Այո»-ի ճակատի կողմնակիցները, իշխանության վստահորդները խոչընդոտում են ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների և հատկապես լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը: Մասնավորապես թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողի: 36/39 տեղամասի /Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք/ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին գրանցելուց: 26/16 տեղամասում /Չարենցավան/ ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնացել են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին: ՀՀԿ վստահված անձը բռնություն է գործադրել «iLur.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ, կոտրել է տեսախցիկն ու վնասել լրագրողի վկայականը: Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, հրել, քաշքշել և թքել լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Վերը նշվածները վկայում են, որ իշխանությունները կողմնակից են քաղաքացիների ընտրության իրավունքի ոտնահարմանը, իսկ այն, որ ոմն հանձնաժողովի նախագահ կարող է թույլ չտալ լրագրողներին աշխատել ընտրատեղամասում, խոսում է Հայաստանում գործող խոսքի անազատության կողմնակից իշխանության մասին, որին ձեռնտու է իրավախախտումներով լի հանրաքվեի անցկացումը: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում իշխանությանը՝ իրենց հրահանգներով կանխել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը: «Լրագրողների միավորում» ՀԿ-ն, որպես «ԱՅՈ»-ի շտաբի պետի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոչ է անում իրավիճակը փոխել անձնական վերահսկողությամբ և հրաժարվել «արջի ծառայությունից»՝ հրապարակավ հայտարարությամբ, կանխել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/06/636538/

Նմանատիպ նյութեր