Պատգամավորները ԱԺ նիստը սկսելուց առաջ 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը:
Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատգամավորները Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, ինչից հետո սկսվեց քառօրյայի աշխատանքը:
Գրանցվել է 100 պատգամավոր, իսկ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծերում ընդգրկվել է 200 հարց և 37 միջազգային պայմանագիր:
Նիստերը բոյկոտելու մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ասելով, որ երեկվա սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են և Գագիկ Ջհանգիրյանի ու Արամ Մանուկյանի հետ լքեց նիստերի դահլիճը, սակայն նրանց չմիացան Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 1,303,466 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 53.332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825.851, «ոչ»՝ 421,600 ընտրող:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի