211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:45 25-12-2015

Կայացել է Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի տարվա ամփոփիչ նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2015 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են տարեկան ծրագրով ըստ ոլորտների իրականացված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև քննարկել 2016-ին նախատեսված ծրագրերը: Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ ընթացիկ տարում ծավալուն աշխատանքներ են տարվել: Մասնավորապես առողջապահության ոլորտի ձեռքբերումների մասով նշվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատություններում իրականացվել են նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ, ձեռք է բերվել 30 ժամանակակից բուժսարքավորում: Ավելի քան 31 հազար բնակիչ օգտվել է ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում անվճար հիմունքներով մատուցված բուժօգնությունից: Անվճար բուժծառայություններ են մատուցվել նաև սոցիալակապես անապահով խավին: Անդրադառնալով սոցիալական բնագավառում կատարված աշխատանքին՝ ներկայացվել է, որ պետության կողմից պատվիրակված լիազորություններն ամբողջությամբ կատարված են: Խոշոր ծրագրերի շարքում առանձնացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ զինծառայողների ծնողների սահմանամերձ զորամասեր այցերն ու «էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի տարեդարձի թվին համապատասխան սոցիալապես անապահով ընտանիքներին կենցաղային տեխնիկայով աջակցության ծրագիրը: Տարվա ընթացքում շուրջ 24 հազար հաշմանդամություն ունեցող անձինք էլ ընդգրկվել են սոցիալական տարբեր ծրագրերում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին խոսելով՝ առանձնացվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը: Նշվել է, որ 2015 թվականին կառուցվել է 375 թեքահարթակ, որոնց 90-ը մասնավորի հետ համագործակցությամբ: Բացի այդ, թեքահարթակներով են համալրվեն նաև հիմնանորոգված փողոցները: Հատուկ վերելակներով է համալրվել տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուս: Վերելակով է ապահովվել Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցումը: Եվս մեկ անցում, այս անգամ վերգետնյա, վերելակով կապահովվի արդեն հաջորդ տարի՝ ճանապարհաշինական ծրագրերի իրագործման արդյունքում: 2015 թվականին զգալի ձեռքբերումներ են գրանցվել նաև մայրաքաղաքի մարզական կյանքում: Մասնավորապես ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» առաջին անգամ անցկացված հանրապետական մրցույթում հաղթողը մայրաքաղաքի թիմի մարզիկներն են եղել։ Երևանցի մարզիկները ձեռքբերումներ են ունեցել նաև «Լավագույն մարզական ընտանիք» և «Լավագույն մարզական բակ» հանրապետական մրցույթներում: Երևանի մարզական կյանքի ևս մեկ կարևոր ձեռքբերում է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի բացումը: Այս տարի իր ծավալներով աննախադեպ է եղել մարզադպրոցների գույքային համալրման ծրագիրը: Բացի այդ, վերանորոգվել և մարզվելու համար նոր ու առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել քաղաքապետարանի ենթակայության 3 մարզադպրոցներում: Մայրաքաղաքում բացվել են նաև շախմատի նոր դպրոցներ: Հաջորդ տարի շախմատի դպրոցներով կհամալրվեն նաև Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջանները, ինչով ծրագիրն արդեն կամբողջանա: Խորհրդի նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հարցերն ու առաջարկները, որոնք խորհրդի անդամների կողմից ընդունվել են ի գիտություն: Նիստի ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ աշխատանքները կլինեն շարունակական և 2016 թվականին մի շարք ծրագրեր կընդլայնվեն և կամբողջանան: Նա նաև վստահեցրել է, որ գալիք տարում վերը նշված ոլորտներում ակնկալվում են նոր ձեռքբերումներ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր