211652_close_icon
views-count65162 դիտում article-date 13:52 11-01-2016

Առեղծվածային դեպք Երևանում. հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրոջ դին. դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ մարմնի վրա կան բռնության հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Նահապետյանի, ավագ քննիչ Հայրապետ Հարապետյանի և քննիչ Հարութ Սարդարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից առաջացած հետքեր և բռնության հետքեր: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության ասստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատախազության մեծ թվով դատախազներ՝ դատախազի տեղակալ Արամ Դոլինյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 6-րդ վաշտի աշխատակիցները ժամանակավորապես քաղաքացիների տեղաշարժը արգելում են, որպեսզի քննիչներն ու փորձագետը կարողանան առանց խոչընդոտների կատարել իրենց աշխատանքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր