211652_close_icon
views-count1573 դիտում article-date 22:21 12-01-2016

Դեսպան Ղազարյանը մասնակցեց Վարշավայի համալսարանում կայացած տարեկան հանդիպմանը

Հունվարի 11-ին Վարշավայի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպվել էր ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի տարվա առաջին հանդիպումը Լեհաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վարշավայի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Ալոյզի Զ.Նովակը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յոլանտա Շիերակովսկա-Դինդոն: Հանդիպմանը մասնակցող Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդես եկավ Հայաստանի մասին համառոտ զեկույցով: Իր խոսքում նա անդրադարձավ հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, քրիստոնեական հարուստ ժառանգությանը, Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը, և դրա արդյունքում ձևավորված հայկական սփյուռքին: Դեսպանը ներկայացրեց նաև հայոց լեզվի և հայոց այբուբենի յուրահատկությունները՝ հորդորելով Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին այցելել Հայաստան և իրենց ուսումնասիրություններում և հետագա կրթության մեջ առավել խորությամբ ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և ժառանգությանը: Հանդիպման շրջանակներում կազմակերպված ցուցադրության ժամանակ Լեհաստանում ՀՀ դեսպանությանը առանձին տաղավարներով ներկայացրեց Հայաստանի, Արցախի, Հայոց ցեղասպանության մասին գրականություն, ինչպես նաև կազմակերպեց հայկական ուտեստների հյուրասիրություն, որում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում 2014թ.-ին ՅՈՒՆԵՍԿO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկված հայկական լավաշը:

Նմանատիպ նյութեր