51012 դիտում
09:39 13-01-2016
«Շումախերական» վթար Երևանում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Toyota Land Cruiser-ին և կողաշրջվել. վարորդն ու 2 ուղևորները դիմել են փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս և Արշակունյաց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Վահան Ապրեսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 97 ՍA 999 համարանիշի և անհայտ վարորդի կողմից վարած Opel մակնիշի 34 ZD 171 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի արդյունքում Opel-ը կողաշրջվել է: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի Կենտրոն բաժնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը՝ խմբի պետ Հովիկ Չախոյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները, ովքեր մաքրել են ճանապարհը, ինչից հետո երթևեկությունը կարգավորվել է:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնրարականով 2 մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
ՃՈ-ն պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ը հաշվառված է Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Շիրազի փողոցի բնակիչ Հարություն Շմոյանի անվամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով մեծ արագությամբ վարելով մեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել կարմիր լույսի տակ կայանված Toyota-ին, որից հետո կողաշրջվել է:
Վարորդին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերել և առաջին օգնությունը ցուցաբերել են Toyota-ի վարորդն ու ուղևորը, որից հետո, օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, Opel-ի վարորդը և ուղևորները դիմել են փախուստի, իսկ մի երիտասարդ արդեն ժամանելով՝ ոստիկաններին հայտնում էր, թե իբրև ավտոմեքենան գողացել են:
Ոստիկանությունը կարծում է, որ երիտասարդը փորձում է մոլորեցնել իրենց: Պարզվել է նաև, որ Opel-ը ԱՊՊԱ չունի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության «կարմիր բերետները», ովքեր տեղում ՃՈ աշխատակիցների հետ աշխատանքներ էին կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները չկանգնեն ու չխոչընդոտեն աշխատանքներին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+