1215 դիտում
17:48 25-01-2016
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։
Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության` առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները, ինչպես նաև սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում:
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթևեկելի հատվածների, ինչպես նաև մայթերի ու միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացման, ուստի, պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 2 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ որոշման պահանջների կատարումը:
«Խստորեն հետևեք, որ բոլոր տնտեսվարողները կատարեն հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները: Իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարի Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջը, խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 35 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը աղբամաների այրման և գողանալու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Քաղաքապետը հանձնարարել է արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ:
Նմանատիպ նյութեր
3933 դիտում
22:55 16-12-2016
Ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են չընդհատվող ռեժիմով
2528 դիտում
16:14 16-05-2017
Տարոն Մարգարյան. «Պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»