211652_close_icon
views-count8634 դիտում article-date 15:06 04-02-2016

Ներկայացում, որ փոխեց հայ թատրոնը. Վ. Փափազյանի անկրկնելի կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1912 թ. լույս է տեսնում հայ դրամատուրգիայի գլուխգործոցներից մեկը՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման։ 1913 թ.-ի հունվարից հայկական թատերախմբերը Թիֆլիսում և Բաքվում բացառիկ հաջողությամբ բեմադրում են դրաման։ Դահլիճները լեփ-լեցուն էին։ Մամուլում լույս են տեսնում բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ։ Նշանավոր քննադատ Նիկոլ Աղբալյանը գրում է. «Հեղինակի անունը ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառված-այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ո՛չ հայ բեմը, ո՛ չ հայ գրականությունը։ Անշուշտ այս նոր երկը Սունդուկյանի «Պեպոյից» և Շիրվանզադեի «Պատվի համարից» հետո նոր էջ բացեց հայ դրամատուրգիայի պատմության մեջ»: Դրամայի խորագրի տակ,որպես բացատրություն հեղինակն ավելացրել է. «Հազարամյակ մը մեզմե առաջ»։ Հետևաբար, դրամայի անցքերն ու մարդկանց գործերը տեղի են ունեցել 1000 տարի առաջ հայոց միջնադարում։ Բայց դրաման պատմական չէ, թեև ունի որոշ պատմական հիմքեր։ Այնտեղ դժվար չէ նկատել 10-13-րդ դարերի հայ կյանքում տեղի ունեցող կրոնական, հոգեբանական և մշակութային շրջադարձի արձագանքները, վերածնության շրջանի շունչը, հին դարերի կոլորիտը և այլն։ Ճիշտ է նկատել Նիկոլ Աղբալյանը. «Շատ գրավիչ է դրամայի ազգային երանգը, որ հին ազգասիրական ողբերգություններից հետո շատ վաղուց էր, ինչ լրջորեն բեմ չէր դուրս եկած. գրվածքի պատմական հիմունքը, նրա գործողության վայր Սևանը իր լճով, կայ իշխանն ու իշխանուհին, գրաբար հատվածները սաղմոսներից այս ամենը մեզ հիշեցնում են մի հարազատ անցյալ ու շարժում են մեր սրտի զգայուն լարերը»։ Այս որոշակի պատմական ժամանակը Շանթի դրամայում դառնում է պայմանական ժամանակ, գործողության վայրը՝ պայմանական միջավայր, իսկ մարդկային լիարյուն կերպարները՝ խորհրդանիշներ։ ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ Իջեք, իջեք, երազներ, Իջեք զգո՜ւյշ, երազներ, Շոյող, անո՜ւշ, երազներ, Իջեք քնքո՜ւշերազներ: Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր, Բախտի կարկաչ ու հույսեր. Դող ու անցուկ ու կարոտ, Ծածուկ արցունք վարանոտ. Խելքի, մտքի հակասում, Միշտ նոր կյանքի սպասում ... Իջեք, իջեք, երազներ, Իջեք զգո՜ւյշ, երազներ, Շոյող, անո՜ւշ, երազներ, Իջեք քնքո՜ւշ երազներ: Գգվանք, ժպիտ, գույն ու բույր Աչեր վճիտ ու համբույր. Իղձեր անվերջ, անմեկին, Տագնապ ու տենչ մոլեգին. Օրոր, գրգիռ ու հույզեր, Սրտի թրթիռ, երգ ու սեր ... Իջեք, իջեք, երազներ, Իջեք զգո՜ւյշ, երազներ, Շոյող, անո՜ւշ, երազներ, Իջեք քնքո՜ւշ երազներ: Աստղեր թովիչ, բոց ու կայծ, Ցնորքներ վառ ու առկայծ. Հավատ ուժի, մեծություն, Փառքի, կամքի գոյություն. Շռինդ, թնդյուն, հպարտանք, Իմաստություն ..բյուր պատրանք: Իջեք, իջեք, երազներ, Իջեք զգո՜ւյշ, երազներ, Շոյող, անո՜ւշ, երազներ, Իջեք քնքո՜ւշ երազներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր