Գյումրի քաղաքում կկազմակերպվի նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը` ս. թ. փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքում կազմակերպում է նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը:
Օրհնության կարգը կկատարվի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում: Սուրբ պատարագ կմատուցվի նաև քաղաքի բոլոր եկեղեցիներում:
Գյումրու Վարդանաց հրապարակում կկատարվի Անդաստանի կարգ` Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ: Այնուհետև, տեղի կունենա նորապսակների օրհնություն և ժողովրդական տոնախմբություն, որի հիմնական մասը կրակի վրայից թռնելու տեսարանն է՝ շուրջպարերով ու երգերով, խնձորով ու նռով զարդարուն վառվող մոմերով:
Միջոցառման նպատակն է ՀՀ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագծի և ավանդական բնութագրի ապահովումը:
Տրնդեզի խորհուրդը կարևորվում է, որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայից երիտասարդների թռնելու, զույգ աղավնիներ թռցնելու խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև ժողովրդական խաղերով և տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ: