211652_close_icon
views-count3026 դիտում article-date 11:36 13-02-2016

Այսօր Տյառնընդառաջ է

Տեառնընդառաջը մեր Եկեղեցու` Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է Ս. Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 14-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը: Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։ Փետրվարի 14-ին, Տեառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը։

Նմանատիպ նյութեր