ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հնարավոր հավակնորդը 36-ամյա Վազգեն Ռշտունին է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությունը 166-րդ հոդվածի հիման վրա դատարանների նախագահները պետք է նշանակվեն կոնկրետ ժամկետով: Մասնավորապես, վճռաբեկ դատարանի և պալատների նախագահները նշանակվելու են վեց տարի ժամկետով, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները` երեք տարի: Նոր Սահմանադրության համապատասխան նորմերը ուժի մեջ են մտնելու հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից:
Այլ կերպ ասած, 2018-ի ապրիլին բոլոր դատարանների նախագահները, ուզեն թե չուզեն, պետք է փոխվեն կամ, լավագույն դեպքում, նոր կարգով վերանշանակվեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ապագա նախագահի հնարավոր հավակնորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 36-ամյա Վազգեն Ռշտունին է: Նա առաջիկայում կնշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ըստ լուրերի՝ Ռշտունին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: