211652_close_icon
views-count2312 դիտում article-date 16:29 24-02-2016

Մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը

Փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգով ազդարարվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին անդրադարձ է կատարել հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի գործունեությանը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձևավորվել է երրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, որի անդամներ են վերընտրվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը: Անցնելով օրակարգային հարցերին՝ Ազգային ժողովը քննարկել և ընդունել է. «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ներգրավվել զբաղվածության ծրագրերում: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների փաթեթը: Փաթեթի առաջին օրենքով կկարգավորվեն առաջին ատյանի դատավորի կենսաթոշակային ապահովման խնդիրները, իսկ երկրորդ օրենքը հնարավորություն կտա ԼՂՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ: «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում բնագավառի գործունեությունը կարգավորող նոր լիազոր մարմին է ճանաչվել ֆինանսների նախարարությունը, նախկին՝ ԿԱ հարկային մարմնի փոխարեն: «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն նվազեցվել են երթուղիների հաստատագրված վճարների հաշվարկի գործակիցները՝ հեռավոր գյուղական բնակավայրերում անխափան, կանոնավոր փոխադրումներն ապահովելու համար: Առաջին ընթերցմամբ ընդունվել են՝ «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: Սույնով հստակեցվում են սննդամթերքի անվտանգության, կերի և բուսասանիտարիայի ոլորտներում լիազոր մարմնի կառավարման համակարգի նպատակները, խնդիրները, իրավասությունները և ապահովվում է պետական վերահսկողության կազմակերպման անհրաժեշտությունը: «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը ստեղծագործական կազմակերպություններին միություններում միավորվելու կամ ստեղծագործական միություն անվանումը կրելու հնարավորություն կտա: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որով սահմանված կարգով առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարելը, ինչպես նաև սթափության վիճակի զննումից խուսափելը կհանգեցնի քրեական պատասխանատվության: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ: Այնուհետև նիստը շարունակվել է տարեկան հաղորդումների ներկայացմամբ: Դատախազության 2015թ. գործունեության մասին հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2015թ. իրականացված աշխատանքների մասին՝ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը: ԱԺ կանոնակարգի համաձայն, վարչապետ Արայիկ Հարությունյանի և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նմանատիպ նյութեր