211652_close_icon
views-count63393 դիտում article-date 09:13 27-02-2016

Վենդետան Լոռու մարզում շարունակվում է. հրկիզել են 16 տարի առաջ Վահագնի գյուղում սպանված Կախյանների տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ փետրվարի 27-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Արմեն Կախյանին պատկանող տունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում տուն է այրվում: Ժամանել են տեղի հրշեջ-փրկարարները և այս պահին փորձում են կրակի տարածումը կանխել: Այրվել են երկհարկանի տան 2 ննջասենյակները և, ըստ նախնական տեղեկությունների, կրակը տուն են շպրտել պատուհանները կոտրելուց հետո, սակայն տանը ոչ ոք չի եղել: Հրդեհը մարելուց հետո տանը հայտնաբերվել է ինքնաձիգ, ինքնաձիգի մի քանի փամփշտակալ և ինքնաձիգի պարկուճներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ, դեպքի վայրում հավաքվածների ասելով, ժամանում է քննիչը: Տունը և հարակից տարածքը շրջապատված է ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից, որոնց աշխատանքները ղեկավարում են Վանաձոի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը և Գուգարքի ոստիկանապետի օպերգծով տեղակալը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կախյանը Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանին հրազենով սպանելու կասկածանքով հետախուզվում է: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/25/78038/]հայտնել [/url]էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 16 շենքի բնակիչ, 42-ամյա Արմեն Սերյոժի Կախյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Նվեր Անտոնի Քոչինյանին սպանելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: Նշված դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ա. Կախյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ նրան հայտնաբերեն կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, տեղափոխելու են Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել էին Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան հայտնաբերվել էր` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր