944 դիտում
15:34 02-03-2016
Տարոն Մարգարյան. «Ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի շինբարեկարգման վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում զեկուցվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Ոլորտի վերաբերյալ քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները:
«Վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել շինարարության և բարեկարգման ոլորտում և հատկանշական է, որ այդ աշխատանքների զգալի մասը, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված մեր որդեգրած քաղաքականության արդյունքում, իրականացվել է այսպես կոչված ծայրամասային վարչական շրջաններում: Խոսքս թե՛ փողոցների և մայթերի ասֆալտապատման, թե՛ արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման, թե՛ բակային տարածքների բարեկարգման և թե՛ այգիների ու պուրակների վերականգնման և նորերի ստեղծման, ինչպես նաև նման այլ աշխատանքների մասին է: Շարունակե՛ք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում»,-նշել է քաղաքապետը:
Շինբարեկարգման ոլորտում առանձնակի կարևորելով մշտական հսկողությունը աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մասնավորի հետ պայմանագրերը կազմելիս շարունակել առանձնակի ուշադրություն դարձնել և դրանցում մշտապես ներառել թերի կամ վատ կատարած աշխատանքի դեպքում պատասխանատվության մեխանիզմը:
«Վերահսկեք աշխատանքների սահմանված որակական չափորոշիչներին համապատասխանությունը և թերացում արձանագրելու դեպքում հետամուտ եղեք, որ այն անմիջապես վերացվի: Մեր պահանջն այս հարցում հստակ է. անորակ աշխատանքը չի ընդունվելու և վե՛րջ: Եղե´ք հետևողական և աշխատանքների սկզբից մինչև ավարտը խիստ հսկողություն սահմանե´ք դրանց նկատմամբ: Սա վերաբերում է ոչ միայն ասֆալտապատման, փոսանորոգման կամ ճաքալցման աշխատանքներին: Քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները պետք է խստորեն վերահսկվեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ավելի մատչելի ու հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերին՝ քաղաքապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցմանը:
«Եղել են դեպքեր, երբ կառուցված թեքահարթակները չեն համապատասխանել նորմերին, և մարդիկ դժգոհ են մնացել. դժգոհություններ են հնչել հատկապես իրենց երեխաների հետ մանկական սայլակով զբոսնող մեր համաքաղաքացիներից: Ըստ այդմ տվյալ աշխատանքները պահեք ձեր մշտական հսկողության ներքո և հետևեք, որ դրանք պատշաճ իրականացվեն: Անշուշտ, քաղաքում պետք է նաև ավելացնել թեքահարթակների քանակը՝ այդ հարցում ևս առաջնորդվելով համաչափ զարգացման սկզբունքով: Շարունակեք վերահսկել, որ քաղաքաշինական նոր ծրագրեր իրականացնելիս պահպանվի մեր բոլոր համաքաղաքացիների համար տվյալ շինությունների կամ միջավայրի մատչելիության պարտադիր պահանջը»,- ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
2273 դիտում
15:59 20-02-2017
Տարոն Մարգարյանին է ներկայացվել Երևանի վարչական շրջանների 2017թ. համաչափ զարգացման վերաբերյալ 60 առաջարկություն
Այս բաժնից
1198 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
838 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան