211652_close_icon
views-count1499 դիտում article-date 15:29 11-03-2016

Պետք է կարողանանք ներդնել հայկական կրթության տեսակը և սրանք վերամբարձ խոսքեր չեն. Լևոն Մկրտչյան

Պետք է հասնել նրան, որ Հայաստանում ներդրվի կրթության հայկական տեսակը: Այսօր հրավիրված առաջին մամուլի ասուլիսին հայտարարեց Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը` հավելելով. «Այս իմաստով շատ կարևոր է, որ մենք հասկանանք կրթության առաքելությունը: Կա միջազգային կրթական չափորոշիչ հասկացությունը, բայց չկա միջազգային կրթություն: Կա ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, գերմանական կրթություն: Մենք պետք է կարողանանք ներդնել կրթության մեջ հայկական տեսակը ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, մեծ չեմ խոսում, որովհետև մենք դա արել ենք 4-րդ, 5-րդ դարում»: Իհարկե, ըստ Լևոն Մկրտչյանի, այս դեպքում խոսքը մեր եկեղեցու ձևավորման մասին է` մեծ տիեզերական համակարգի մեջ` պահպանելով մեր տեսակը: Հիմա նույնը, ըստ նախարարի, կրթությունն է, որն ունի 2 օղակ, որը մեզ թույլ չի տալիս ինքնահաստատվել: Դրանցից մեկը, ըստ ԿԳ նախարարի, ավագ դպրոցն է: «Այն պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով հիմնական դպրոցը, կարողանա նախնական մասնագիտություն ձեռք բերել: Այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, թույլ չի տալիս, որ այն կատարի իր առաքելությունը»,-ասաց Լևոն Մկրտչյանը: Հաջորդ խնդրահարույց հարցերն են` մագիստրական կրթության որակի բարելավումն ու կապն աշխատանքային շուկայի հետ: Մագիստրական կրթությունը, ըստ նորանշանակ, նախարարի, որակական առումով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրի կրթությունից. «Երկու ճանապարհ կա աշխարհում, մեկը մագիստրանտական կրթությունը տանում է դեպի գիտություն, մեկը` պրոֆեսիոնալ դաշտ, որտեղ արդեն բակալավրից նա տարբերվում է իր` որոշում ընդունելու կարողությամբ»,-նկատեց նախարարը ու հավելեց, որ կարգը, «որ կամ երկու քննություն տուր, կամ դիպլոմային աշխատանք» ոչնչացնում է մագիստրանտական կրթության առաքելությունը: Նա անդրադարձավ նաև դասագրքերի խնդրին, որոնց որակը մասնագետներին չեն բավարարում, որպես կանոն. «Մասնագիտական առումով լավ դասագրքերը ժամանակ էր պահանջում և ժամանակ առ ժամանակ, եթե ուշադրություն դաձնում եք, դասագրքերի բովանդակությանը, աստիճաաբար գալիս-ընկնում են իրենց տեղը, այսինքն` կրթությունը այն բնագավառն է, որտեղ փոփոխությունները և՛ դրական, և՛ բացասական առումով սկսում են անդրադառնալ 5-6 տարի հետո»: Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ առաջնային են կարևոր 3 փաստաթղթերի աշխատանքների ավարտումը՝ կրթության ազգային ծրագրի մշակումը, բարձրագույն կրթության նոր օրենքի նախագծի մշակումը և բուհական կառավարման ձևի մշակումը։

Նմանատիպ նյութեր