211652_close_icon
views-count1639 դիտում article-date 20:17 25-03-2016

«Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է. ՀՀ սփյուռքի նախարարություն

Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ծրագրի հանդեպ ունեցած հետաքրքրության համար և շեշտեց, որ «Արի տուն»-ը ոչ թե հայրենադարձության, այլ հայրենաճանաչության ծրագիր է, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի նիստուկացին: Ս.Սրապիոնյանը լրագրողներին կոչ արեց մասնակցել ծրագրի բոլոր փուլերին, համակողմանիորեն լուսաբանել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության՝ իր տեսակի մեջ եզակի այս ծրագիրը: Նշեց, որ թե՛ սփյուռքյան, թե՛ հայաստանյան ԶԼՄ-ները մեծապես նպաստել են ծրագրի կայացմանը: «Արի տուն-2016» ծրագիրը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, ընդլայնվել է նաև երկրների աշխարհագրությունը: 2016թ. սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Ծրագրի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ «aritun.am» կայքից:

Նմանատիպ նյութեր