211652_close_icon
views-count1897 դիտում article-date 10:52 30-03-2016

Երկխոսության դիմաց խորհրդարանական 5 տոկոսի հնարավորություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ մարտի 30-ին ԱԺ-ում մեկնարկում են 4+4+4 ձևաչափով քննարկումներն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Այս ձևաչափով քննարկումների առաջարկ արել էր ՀԱԿ կուսակցությունը: Ձևաչափը ներառում է 4 ընդդիմադիր ուժեր, որոնք խորհրդարանական խմբակցություն ունեն, 4 ներկայացուցիչ հասարակական կամ քաղաքացիական սեկտորից և 4 ներկայացուցիչ իշխանություններից: Առաջարկը միարժեք չի ընկալվել ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակական կառույցների շրջանում, փոխարենը միանգամից հավանության է արժանացել իշխանության շրջանակներում: Սա զարմանալի չէ, քանի որ ներկայացված առաջարկը իշխանություններին լավ հնարավորություն է տալիս լեգիտիմացնելու մի գործընթաց, որն առանցքային նշանակություն է ունենալու 2017 թվականին իշխանական վերարտադրության խնդրի, այսպես ասած, միջազգային լեգիտիմությունն ապահովելու համար: Այս իրավիճակը շատ է հիշեցնում 2011 թվականին սկզբնավորված ՀԱԿ-ՀՀԿ կամ ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը: Այն սկսվեց բավական բարդ ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ ՀԱԿ-ի հանրահավաքներին հանկարծ սկսեցին մասնակցել այնքան մարդիկ, որ կուսակցության առաջնորդներն իրենք էին զարմանում բազմամարդությունից: Ըստ որում՝ այդ ժամանակ նույնիսկ Տիգրան Կարապետիչն էր գրեթե կրիտիկական զանգված հավաքում հանրահավաքներին: Արդյունքում իշխանությունները թույլ տվեցին ընդդիմության մուտք Ազատության հրապարակ, թեև հետո մամուլում հրապարակվեցին տեղեկություններ այն մասին, թե ինչպես են դրա շուրջ պայմանավորվել ընդդիմությունն ու այդ ժամանակ ոստիկանապետը, ըստ որում՝ այդ տեղեկությունները չեն արժանացել համոզիչ հերքման: Ազատազրկման վայրերից ազատվեցին Մարտի 1-ի «գործով» ազատազրկված բոլոր անձինք, սկսվեց երկխոսությունն այսպես ասած 4+4 ձեւաչափով, ինչը իշխանություններին հնարավորություն տվեց նախ լիցքաթափել իրավիճակը, հետո էլ միջազգային հանրությանը ներկայանալ որպես երկխոսության պատրաստ համակարգ: Սակայն համակարգը օգտվեց առաջին իսկ առիթից՝ Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի երիտասարդների և ոստիկանության բախումից, որպեսզի ստեղծի ըստ էության փակուղային վիճակ և ՀԱԿ-ին գցի ծուղակ: Պատահական չէ, որ ՀԱԿ-ը երկար ժամանակ որևէ կերպ չէր հիշատակում այդ միջադեպի առացքային «հերոսի»՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի քաղբանտարկյալ լինելու մասին և միայն մի քանի ամիս հետո, երբ արդեն նախընտրական շրջան էր, և ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության ծուղակից փորձում էր դուրս գալ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությամբ, հիշեց, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է և սկսեց ակցիաներ ի պաշտպանություն նրա: Հետագա իրադարձությունները, իհարկե, թարմ են բոլորի հիշողության մեջ և այսօր մի իրավիճակ է, երբ ՀԱԿ-ը կրկին ունի ՀՀԿ-ի հետ պայմանավորվելու անհրաժեշտություն, առանց որի գործնականում անհնար է դառնում խորհրդարանական մուտքի «վիզա» ստանալը: 4+4+4 ձևաչափն ըստ էության այն առաջարկն է, որի շրջանակներում ՀԱԿ-ը փորձելու է իշխանությունների համար ապահովել նոր «երկխոսության» կարգախոսը, ցուցանակը՝ դրա դիմաց ստանալով խորհրդարանական 5 տոկոսի հնարավորություն: Որևէ այլ արդյունք, առավել ևս առաջիկա ընտրական փուլում օրինականության, թափանցիկության, հանրային վերահսկելիության բարձրացման առումով, նմանօրինակ ձևաչափը հազիվ թե կարողանա ապահովել, անգամ քաղաքացիական քառյակի ներգրավման արդյունքում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր